Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, ապրիլի 18-ին այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել թանգարանը համալրած նյութերին եւ համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության եւ հնչեղության համակարգերին:
Իրականացված պեղումների արդյունքում «Զվարթնոցի» թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական եւ ճարտարապետական բաժիններից, որտեղ ներկայացվում են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին:
Թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 մլն դրամ, որից 2.5 մլն-ը ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ Պատմամշակությաին արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից:
Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` որպես նվիրատվություն, իսկ 1.8 մլնը կրկին հատկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը: / emedia.am