Յոգուրտային սննդակարգի կանոնավոր օգտագործումը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշիցը, այլեւ բարձրացնում է սեքսուալ գրավչությունը: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, ստուգելով այն փորձարարական մկների վրա:
Ինչպես հայտնում է NEWSru.co.il իսրայելական կայքը, կենսաբանները գտնում են, որ այս ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պրոբիոտիկներ պարունակող յոգուրտներն ակտիվացնում են աղիներում ապրող օգտակար բակտերիաների աշխատանքը:
Այդ վարկածը ստուգելու համար հետազոտողները փորձարարական մկներին բաժանել են երկու խմբերի, որոնցից մեկին կերակրում էին սովորական սննդով, իսկ երկրորդի օրական սննդի մեջ ավելացրել են վանիլային յոգուրտ: Կարճ ժամանակ անց երկրորդ խմբի մկների մոտ լավացել է մազային ծածկույթը` մորթին դարձել է ավելի խիտ եւ փայլուն: Բացի այդ, յոգուրտ ստացած մկները կտրուկ նիհարել են, իսկ որձերը դարձել են ավելի «անկաշկանդ եւ ինքնավստահ»:
Բացի այդ, որձերը դարձել են ավելի պտղաբեր, իսկ էգերը` ավելի գեղեցիկ եւ ավելի լավ էին հոգ տանում բազմաքանակ հետնորդների մասին: / News.am