Մայիսի 5-6-ը «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ կանցկացվեն գինու օրեր: Երկու օր մայրաքաղաքում ջազի ու բլյուզի կենդանի ելեւէջների եւ ազգագրական երաժշտության ներքո հնարավոր կլինի գինի ըմպել եւ ծանոթանալ հայկական գինեգործության վերածնված ավանդույթներին:
Միջոցառման PR գործընկեր Աննա Մազմանյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ հատկապես վերջին 5-10 տարիներին Հայաստանում գինեգործությունը նոր շունչ է ստացել: Բացի այդ, քաղաքացիների շրջանում ձևավորվել է այսպես կոչված գինի խմելու մշակույթ, ինչն առաջացրել է նման քաղաքային միջոցառում անցկացնելու անհրաժեշտություն:
«Այո՛, 6000 տարի առաջ ունեցել ենք գինեգործություն, բայց պետք է դա ցույց տալ նաև արտասահմանցիներին, պետք է ցույց տալ, որ Հայաստանը եղել է գինեգործության օրրան»,- ընդգծում է Աննա Մազմանյանը:
Միջոցառման նպատակն էլ հենց դա է՝ զբոսաշրջիկներ ներգրավել և ծանոթացնել նրանց հայկական գինեգործության ավանդույթներին: Աննա Մազմանյանը նկատում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկներին հայկական գինեգործությանը ծանոթացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ կան կատարելու, հետևաբար, կարևոր է, որպեսզի առաջին քայլերն արվեն ճիշտ, հստակ շեշտադրությամբ:
Երևանում գինու օրեր անցկացնելու գաղափարը «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը շուրջ մեկ տարի քննարկել է տարբեր գինեգործների ու գինետների հետ: Երկարատև բանակցություններ են ընթացել նաև զբոսաշրջային գործակալությունների հետ, որոնք, ակնկալվում է, որ այդ օրերին հատուկ փաթեթներ կառաջարկեն: Միջոցառման կազմակերպիչները լիահույս են, որ մայիսի առաջին շաբաթը Երևանը կընդունի մեծ թվով զբոսաշրջիկների, մասնավորապես՝ Ռուսաստանից:
Գինու օրերը նախատեսվում է անցկացնել Երևանի Սարյան փողոցի «գինետների հատվածում» երեկոյան ժամերին: Առաջին օրը միջոցառումը կուղեկցվի կենդանի ջազի ու բլյուզի, երկրորդ օրը՝ ազգագրական երգ ու պարի հնչյուններով:
Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել շուրջ 2 տասնյակ գինետուն-ռեստորանների, որոնք Սարյան փողոցում կտեղադրեն իրենց սեղանիկները: Այնուամենայնիվ, Աննա Մազմանյանի խոսքով, ռեստորանների ընտրությունը չի ավարտվել և իրենք բաց են համագործակցության համար:
Նախատեսվում է, որ ընտրված ռեստորաններն այդ օրը կներկայացնեն հատուկ՝ գինու երեկոյին «հարիր» մենյուներ: Գինու օրերին մասնակցելու են հրավիրվել նաև հացի և պանրի ինդուստրիայում ներգրավված կազմակերպություններ: Աննա Մազմանյանը սակայն ընդգծում է՝ «այդ օրերի թագավորը գինին է լինելու»:
Միջոցառումը լուսաբանելու և դրա ճանաչելիությունը բարձրացնելու համար Երևան են հրավիրվել լրագրողներ Ռուսաստանից, իսկ սոցցանցերում միջոցառումը «կլուսաբանվի» #YereWineDays հեշթեգով: Բացի այդ, բանակցություններ են ընթանում վարպետության դասեր անցկացնող մասնագետներ ներգրավելու ուղղությամբ:
Միջոցառման ծախսերը կազմակերպիչներն ակնկալում են հոգալ մասնակցության վճարներից ստացված եկամտի հաշվին, ինչպես նաև հովանավորների աջակցությամբ: Աննա Մազմանյանը նշում է, որ հովանավորներ փնտրելու ուղղությամբ այս պահին բանակցություններ են ընթանում, միաժամանակ, արդեն հստակ է, որ հովանավորների ցանկում չեն լինի ո՛չ գինետներ, ո՛չ ռեստորաններ:
Կազմակերպիչներն ակնկալում են միջոցառման շնորհիվ բարձրացնել հայկական գինեգործական մշակույթի ճանաչելիությունն արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում և նպաստել Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը: Բացի այդ, այն կարող է հարթակ հանդիսանալ գինեգործների և գինեգործական ընկերությունների համար՝ իրենց արտադրանքն ավելի լայն շրջանակների ներկայացնելու և բիզնես կապեր հաստատելու տեսանկյունից:
«Ակնկալում ենք, որ սա կդառնա սիրված ու սպասված միջոցառում, որ զբոսաշրջիկների համար ևս մեկ առիթ կլինի Հայաստան այցելելու համար: Ակնկալում ենք, որ այն էլ ավելի գրավիչ կդարձնի մեր գինեգործներին արտասահմանցիների համար, իսկ գինեգործներն էլ կսիրեն այս ձևաչափի միջոցառումը և մյուս տարի առավել մեծ թվով մասնակիցներ կունենանք»,- ամփոփում է Աննա Մազմանյանը: