Այսուհետ երևանցիները կարող են շախմատ խաղալ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հսկողության ներքո:
Հոկտեմբերի 7-ի երեկոյան, Մաշտոցի պողոտայի մայթին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ, նստարանի հետևում կանգնած է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը: Նստարանին շախմատի տախտակ է դրված խաղաքարերով, և ցանկացողը կարող է նստել ու շախմատ խաղալ գրոսմայստերի հսկողության ներքո:
Մոսկովյան պուրակի հարևանությամբ՝ Իսահակյան փողոցի մայթի նստարանին, տեղադրվել է բանաստեղծ Պարույր Սևակի արձանը: Իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտային հարող այգում նստարանին տեղադրվել է գրող Հրանտ Մաթևոսյանի արձանը:
Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները:
Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: Արձանները կանգնեցվել են Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակում:
Ինչպես նախկինում հայտնել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, հայ մեծերի արձաններ են տեղադրվելու նաև Աբովյան պուրակում, ևս մեկը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում և այլ բանուկ վայրերում: «Մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշել էր նա: / Աղբյուրը` PanArmenian.net