Երևանը պետք է ունենա «բրենդային դեմք», որը կգրավի հատկապես զբոսաշրջիկներին:
Երևանի քաղաքապետարանում 2012թ. հունվարի 30-ին Երևանի զբոսաշրջային ոլորտում արված աշխատանքի ամփոփիչ ասուլիս տվեց ոլորտի պատասխանատու Մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
«Զբոսաշրջության բաժինը գործում է արդեն մեկ ու կես տարի ու այդ ընթացքում նախանշել ենք այն ուղղությունները, որոնց զարգացման համար պետք է քայլեր ձեռնարկենք մոտակա տարիներին: Իհարկե, մեկ ու կես տարին կարճ ժամանակահատված է, սակայն այս ընթացքում իրականություն են դարձել մի շարք նախագծեր, որոնց թվում կընդգծեի Yerevan City Tour-ը նախատեսված ոչ միայն զբոսաշրջիկների, այլև Հայաստանի բնակիչներին Երևանի տեսարժան վայրերի հետ ծանոթացնելու համար»,- ասաց տուրիզմի բաժնի պատասխանատուն` հավելելով, որ քաղաքային շրջագայության ընթացքում ուղևորներին ուղեկցող տեղեկությունները տրվելու են ևս երկու լեզվով:
«Այժմ այն վեց լեզվով է, սակայն մենք մտածում ենք ավելացնել ևս երկուսը` իսպաներեն կամ իտալերեն և պարսկերեն, որը կապված է Իրանից զբոսաշրջային մեծ հոսքերի հետ դեպի Երևան»,- նշեց Մարիա Բարաղամյանը:
Խոսելով միջազգային կապերի խորացման ոլորտում արված աշխատանքի մասին` Մարիա Բարաղամյանը վստահեցրեց, որ ուշադրության կենտրոնում են լինելու կապերը քույր քաղաքների հետ: Ենթակառուցվածքների ուղղությամբ կարևորվեց հատկապես քաղաքային կահավորումն ու շատրվանների վերագործարկման աշխատանքները:
«Հյուսիսային Պողոտայում դեռևս պիլոտային փուլում շահագործվելու է էլեկտրոնային քարտեզ, որտեղ հնարավոր կլինի դիտել քաղաքն ու հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է գնալ: Միաժամանակ, այս տարի փորձելու ենք բացել հատուկ տեղեկատվական կենտրոններ, որոնք կաջակցեն զբոսաշրջիկներին ու կծառայեն որպես սպասարկման կենտրոններ»,- եզրափակել է Երևանի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: / Աղբյուրը և լուսանկարները՝ emedia.am