Համաշխարհային տուրիզմը այս տարի 6% աճ է գրանցել
Միակ շրջանը, որտեղ նկատվել է զբոսաշրջային ժամանումների նվազում, եղել է Կարիբները։ Դրա հավանական պատճառը 2017 թվականի օգոստոսին և սեպտեմբերին այստեղ տեղի ունեցած փոթորիկներն են։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է հերթական «Աշխարհի զբոսաշրջության բարոմետր» (World Tourism Barometer) ուսումնասիրությունը․ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով АТОР-ին։
Ստացված տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին միջազգային զբոսաշրջային ժամանումների ցուցանիշը աճ է գրանցում բոլոր շրջաններում։ Ամենից շատ աճ նկատվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ առաջատարները Հարավարևելյան Ասիան (+10%) և Հարավային Ասիան են (+9%)։
Աֆրիկան և Մերձավոր Արևելքը 2018 թվականի առաջին չորս ամսում ընդունել են 6% և 4% ավել զբոսաշրջիկներ, քան՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։
Միջազգային տուրիզմը Եվրոպայում աճել է 8%-ով։ Այստեղ լիդերներ են դարձել Եվրոպայի Հարավային, Միջերկրածովյան և Արևմտյան շրջանները։
Հարավային և Հյուսիային Ամերիկաները գրանցել են 3% աճ՝ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալների հետ համեմատած։ Առավել զգալի աճ այստեղ գրանցել է Հարավային Ամերիկան (8%)։