British Airways-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անհրաժեշտ է նվազագույնը 12 ժամ ճանապարհորդության պատրաստվելու համար: Ավիաընկերության հարցմանը մասնակցել է 2 հազար կին: Նրանց 20%-ը խոստովանել է, որ ատում է անակնկալ ճանապարհորդությունները, իսկ հարցվածների մեկ-երրորդը հայտնել է, որ իրեն լավ չի զգա, որ իր զուգընկերը առանց իր իմացության համատեղ ճանապարհորդություն կազմակերպի: Ընդ ոորւմ, հարցումը ցույց է տվել, որ կանայք զուգընկերոջից միջինում երկու ռոմանտիկ ճանապարհորդություն են նվեր ստանում իրենց ծանոթության ընթացքում. հայտնում է Telegraph-ը: Սովորաբար կանայք ցանկանում են, որ ճանապարհորդության մասին իրենց հայտնեն 8 օր առաջ, իսկ հավաքվելու համար տրամադրեն 12 ժամ: Անակնկալ ճանապարհորդություն ստացած կանանց մեկ-հինգերորդ մասը նշել է, որ լիարժեք չի ուրախացել հանգստի ընթացքում, քանի որ նախօրոք իրեն չեն տեղեկացրել այդ հանգստի մասին:
Ճանապարհորդությունից առաջ կանանց համար անհրաժեշտ գործողություններն են հագուստ ընտրելը, դրանք ճամպրուկում դասավորելը, աշխատանքային պարտականությունների կանոնակարգումը և արդեն ծրագրված գործերը հետաձգելը: Կանայք նշել են, որ նույնիսկ կարճատև հանգստի համար իրենց անհրաժեշտ է 9 տեսակի հագուստ: Հարցվածների քառորդ մասը նշում է, որ հապշտապ հավաքվելու դեպքում իրենք որևէ բան են մոռանում տանը, ինչն էլ թույլ չի տալիս լիարժեք վայելել հանգիստը: British Airways-ի ուսումնասիրությունը հաստատում է, որ կանայք մեծ նշանակություն են տալիս նրան, որ հանգիստը անցնի առավելագույնս լավ: Եվ անսպասելիության գործոնը նրանց դուր չի գալիս: Գիտակցումը, որ իրենք ճանապարհորդում են լիարժեք պատրաստված, կրկնապատկում է հանգստից ստացած հաճույքը: Բացի այդ, նրանք ցանկանում են վստահ լինել, որ մինչ իրենք ճանապարհորդում են, տանը ոչինչ չի պատահի:
33-ամյա բրիտանուհի Սոֆի Բեյլին, ում սիրելին անակնկալ կերպով տարել է Մարրոկո հանգիստն անցկացնելու, պատմում է. «Դա հիանալի մտահաղացում էր, բայց ես ատեցի այն: Նա հավաքեց իմ ճամպրուկները՝ դնելով այնտեղ բոլորովին այլ հագուստ, և մոռացավ տանը իմ մազերի հարդարման միջոցները: Ես պետք է լայն ժպտայի և ցույց տայի, թե ինչքան գոհ եմ, քանի որ այդ ճանապարհորդությունը ցույց տվեց նրա հոգատարությունը իմ հանդեպ: Բայց դա սարսափելի էր»: Չնայած կանանց անակնկալների հանդեպ բացասական վերաբերմունքին՝ հարցվողների 25%-ը հայտնում է, որ ռոմանտիկ ճանապարհորդության մտահաղացումը իրենց ընկերների «մտքով չի էլ անցել»: Նույնքան քանակով հարցվողներ խոստովանել են, որ իրենց ընկերների մտքի թռիչքը տանը սնունդ պատվիրելուց առաջ չի անցել: