Ինչո՞ւ են անձնագրերը լինում միայն չորս գույնի

Ինչո՞վ զբաղվել որևէ օդանավակայանի անձնագրային ստուգման բաժնում սպասելիս։ Իհարկե, նկատի ունենք՝ ինչով զբաղվել, եթե արդեն հասցրել եք չեքին լինել Ֆեյսբուքում և անհրաժեշտ քանակությամբ սելֆիներ տեղադրել Ինստագրամում։ Եթե դա էլ արել եք, կարող եք ուշադրություն դարձնել նրան, թե ինչ գույնի անձրագրեր են ներկայացնում մյուս ճանապարհորդները։ Իսկ դրանք, ի դեպ, չորսն են՝ կարմիր, կապույտ, կանաչ և սև։ Ինչու՞ միայն չորս գույն․ կհարցնեք դուք։ Պատասխանը կարդացեք ստորև։

Կարմիր

Անձնագրերի ամենատարածված գույնը կարմիրն է։ Եթե դուք տեսնում եք կարմիր անձնագրով մարդու, ապա նա, ամենայն հավանականությամբ, Եվրամիության  կամ այնտեղ հայտնվել ցանկացող որևէ երկրի քաղաքացի է՝ Թուրքիա, Ալբանիա, Մակեդոնիա։ Բացի այդ, կարմիր կազմով անձնագիրը կարող է խոսել երկրի կոմունիստական ներկայի կամ անցյալի մասին՝ Չինաստան, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Ռուսաստան։

Կապույտ

«Նոր աշխարհը» խորհրդանշող կապույտը երկրորդ տարածված գույնն է անձնագրերի մեջ։ Այս գույնի անձնագիր ունեն Կարիբյան ավազանի 15 երկրների բնակիչները։ Իսկ  1976 թվականից այս գույնն է ձեռք բերել նաև  ԱՄՆ-ի քաղաքացիների գլխավոր փաստաթուղթը։ Կապույտ են նաև Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի անձնագրերը։ Եվ, բնականաբար, այս գույնը մեզ ամենածանոթն ու հարազատն է, քանզի Հայաստանում ևս անձը հաստատող գլխավոր փաստաթուղթը ունի կապույտ կազմ։

Կանաչ

Այստեղ ամեն ինչ պարզ է։ Կանաչը Մուհամեդ մարգարեի սիրելի գույնն է։ Դժվար չէ գուշակել, որ այս գույնի անձնագիր ունեն մահմեդական երկրների բնակիչները՝ Եգիպտոս, Մարոկկո, Պակիստան։ Նույն գույնի փաստաթղթեր ունեն նաև արևմտյան Աֆրիկայի երկրների բնակիչները, բայց այս դեպքում պատճառը ավելի երկրային է․ դրանք խորհրդանշում են իրենց պետությունների՝  Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության անդամ լինելը։

Սև

Քառյակը եզրափակում է սև գույնը, որն ամենահազվադեպ հանդիպողն է։ Յուրօրինակ կազմով փաստաթղթերով կարող են հպարտանալ Նոր Զելանդիայի բնակիչները, քանի որ սևը նրանց ազգային գույնն է։ Սև են նաև Աֆրիկայի որոշ երկրների քաղաքացիների  անձնագրերը, մասնավորապես՝ Անգոլայի, Բուրունդիի, Գաբոնի, Բոտսվանայի, Զամբիայի և Կոնգոյի։

You might also like