Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:
Լիսաբոն, Պորտուգալիա
Եվրոպական այս մայրաքաղաքում դեռևս չկա սովորական զբոսաշրջային բազմություն, ինչի շնորհիվ քաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցները իրական և կենդանի տեսք ունեն: Այստեղ գլխավոր հրապարակներում գործում են փոքրիկ ռեստորաններ. ոչ զբոսաշրջիկների համար, այլ տեղաբնակների: Նրանց համար պատրաստում են ֆանտաստիկ համեղ պաղպաղակ, նրանց համար ընթրիքին մատուցում են ամենաիսկական կոնյակը Պորտու պորտուգալական քաղաքից: Լիսաբոնը դուր կգա հուսահատ ռոմանտիկներին. քաղաքն այնպես լեռնային է, որ առաջին օրվա զբոսանքից հետո ոտքերը այնպես կհոգնեն, որ կթվա, թե մասնակցել եք մարաթոնյան վազքին, իսկ ծովից այնպիսի սառը քամի է փչում, որ թվում է, թե այն անպայման իր հետ մի արկած կբերի: