Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:
Բուլղարիայի լողափերը
Այն բանից հետո ինչ 2007 թվականին Բուլղարիան հայտնվեց Եվրոմիության կազմում, խորհրդային գլխավոր առողջարանների ժառանգությունները սկսեցին անհետանալ: Ցուցանակները արդեն սկսեցին գրել անգլերենով, առողջարանները վերածվեցին սպա կենտրոնների, իսկ հանգստյան տները դարձան նորաձև հյուրանոցներ: Միայն սպասարկումն է մնացել նույնքան բարեկամական և լեզուն՝ նույնքան ծիծաղաշատ. «Заперди прозорица та», ինչը նշանակում է «փակեք պատուհանը», «местна упойка»՝ անզգայացման դերում, «булка» բուլղարերեն «հարսնացուն» է, իսկ «прахосмукачка»՝ ի՞նչ եք կարծում. փոշեծծիչ: Մի խոսքով, լողափնյա հանգիստ՝ անվճար ծիծաղաթերապիայով: