Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի ինքնաթիռով ձեր երազանքների թռիչքը: Ճապոնական ANA խոշորագույն ավիաընկերության անցկացրած հարցումը ցույց է տալիս, թե ինչ են երազում ուղևորները: 2000 մեծահասակ բրիտանացիների շրջանում անցկացրած հարցման համաձայն՝ իդեալական թռիչքը սկսվում է օդանավակայանից, որը գտնվում է քո տնից 9 մղոն հեռավորության վրա, իսկ էկոնոմ դասի սրահից առաջին դասի սրահ անցումը կատարվում է բոլորովին անվճար:
Ինքնաթիռի թռիչքը լինում է գրանցումից ընդամենը 32 րոպե հետո, ուղևորի տեղը երկու նստատեղից բաղկացած շարքում է, իսկ ինքնաթիռում ընդամենը 66 հոգի մարդ է: Ընդ որում՝ սրահի մեջտեղում պատուհանի մոտի նստատեղը համարվում է լավագույնը ինքնաթիռում: ANA-ի երազանքների թռիչքի համար ուղևորը կարող է վերցնել 7 կգ ձեռքի ուղեբեռ, և այն միշտ պահել իր մոտ: Ինքնաթիռում ուղևորները կհանդիպեն Դեյվիդ Ուիլյամսին, ով կվերահսկի անձնակազմի 6 անդամներին: ԱՄՆ-ում այդ դերի համար ուղևորները ընտրել են Մերիլին Մոնրոյին և Ջորջ Քլունիին:
Երազանքների թռիչքը սկսվում է առավոտյան 10.45 -ին, իսկ ինքնաթիռի վերահսկողությունը կատարում է արքայազն Ուիլյամը: Շամպայնը կլինի անվճար և կմատուցվի թռիչքից 27 րոպե հետո: Այնուհետև, խոհանոցային հեռուստաալիքի աստղ Ջեյմի Օլիվերը կներկայացնի ճաշը, որը կմատուցվի թռիչքից 48 րոպե հետո: Ժամանցի համար զբոսաշրջիկները ընտրել են Ջեյմս Բոնդի մասին «Սկայֆոլլ» ֆիլմը: Իսկ հետո կարելի է կես ժամ քնել: Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա, ի տարբերություն այլ հարցումների, երազանքների թռիչքում նրանք թույլատրելի են, բայց մի պայմանով, որ նրանք իրենց խելոք պահեն. հայտնում է Daily Telegraf-ը: