Ի՞նչ է սպասվում եվրոպական տուրիզմին Brexit-ից հետո

Եվրոպական փորձագետները ամեն կերպ մեկնաբանում են աղմուկ հանած  Brexit-ի արդյունքները՝ կանխագուշակելով, թե ինչպես Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը կազդի Եվրոպայի կյանքի վրա, այդ թվում՝ եվրոպական տուրիզմի։ Գնահատականների ընդհանուր երանգը գրեթե նույնն է․ Միացյալ Թագավորության և Եվրոպական Միության բաժանումից կտուժեն երկու կողմերն էլ։

Ի՞նչ կկորցնի բրիտանական տուրիզմը

Նախ, հետայսու Մեծ Բրիտանիայի քաղաքացիները որոշ դժվարություններ ունենան ԵՄ սահմանը հատելու հետ  կապված․ ամենայն հավանականությամբ, մուտք ու ելք անելիս նրանք ստիպված կլինեն հայտնվել նույն հերթերի մեջ, որոնցում հայտնվում են ոչ ԵՄ  քաղաքացիները, օրինակ՝ հայերը կամ չինացիները։ Ինչը հաստատ անհավանական է, դա բրիտանացիների համար շենգենյան վիզայի ներդրումն է։ Համենայն դեպ, ԵՄ-ի ներկայիս սահմանների պահպանման և բրիտանական անձնագրի ընդհանոր կարգավիճակի դեպքում փորձագետները այդ քայլը անհրաժեշտ չեն համարում։

Երկրորդ, Մառախլապատ Ալբիոնի բնակիչների համար, ովքեր սովոր են լոուքոսթերներին, կթանկանան ավիատոմսերը։ Բյուջետային բրիտանական ավիափոխադրողները, ինչպիսիք են՝ Ryanair կամ  EasyJet-ը, ԵՄ օդային տարածքի շրջանակներում երկկողմանի սահմանափակման վերացման և Եվրամիության երկրների միջև երթուղիենրի ավելի բաց մրցակցության ներդրման շնորհիվ, անուն են ձեռք բերել, ավելացրել ուղևորահոսքը և հաջող բիզնես սկսել Եվրոպայում նոր երթուղիների բացմամբ ու դրանց ցածր գներով։

3218E3A700000578-3490062-image-m-16_1457879380246

Այժմ, երբ Բրիտանիան լքում է ԵՄ—ն, այդ եվրոպական մեխանիզմներն ու համաձայնությունները պետք է վերանայվեն, և, դժվար թե, բրիտանականա ավիաընկերություններին թույլատրվի թռչել Եվրամիության երկրներ առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ բացել նոր ավիաերթուղիներ՝ Եվրամիության ավիափոխադրողներին շահավետ սակագներից էժան գներով։

Երրորդ, փոփոխությունները կվերաբերվեն նաև բրիտանական ավիաուղևորների իրավունքին․ նրանք դժվարությամբ փոխհատուցում կստանան եվրոպական ավիաընկերությունների թռիչքների հետաձգման կամ չեղարկման դեպքում։ Նրանք ստիպված կլինեն դիմել  «դրանց գրանցված վայրի» դատարան, իսկ դա այլ երկրում է՝ ԵՄ տարածքում։ Այստեղ էլ կբխեն մի շարք ծախսեր՝ փաստաթղթերի ձևակերպում, ուղարկում և այլն։

Փորձագետները նաև ուշադրություն են դարձրել բրիտանացիների Եվրոպա կատարած ճանապարհորդության համար ապահովագրության բարդացման վրա։ Այսօր ԵՄ աղաքացիների համար գործում է բժշկական ապահովագրության մեկ ընդհանուր եվրոպական քարտ (EHIC), որը իրավունք է տալիս  անվճար բուժվել ԵՄ ցանկացած երկրում։ Մեծ է հավանականությունը նաև Լոնդոնի և Բրյուսելի այս համաձայնության վերանայման համար, և փաստ չէ, որ բրիտանացիները կպահպանեն Եվրամիության առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը։

Նման անհասկանալի իրավիճակ է նաև Եվրոպայում ռոումինգի հետ կապված։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ի կանոնների համաձայն, ռոումինգը Եմ երկրների շրջանում պետք է ամբողջովին հանվի 2017 թվականի հունիսին։ Թե դա ինչպես կարվի  Brexit-ից հետո և ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ։ Բայց եթե ռոումինգը հանվի, բրտանացիները ճանապարհորդելիս ավելի թանկ կվճարեն հեռախոսազրույցների համար։

Բրիտանացիները նաև կորուստ կունենան ԵՄ-ից իրենց երկիր տարված ապրանքների դեպքում։ Եթե այսօր Միացյալ Թագավորության բնակիչները կարող են անսահմանափակ ապրանքներ տանել ու դուրս բերել երկրից, ապա նոր կանոններով նրանք պետք է ավելի զուսպ լինեն։ Այսինքն, դա կլինի մոտավորապես այնպես, ինչպես այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ մինչև 200 սիգար, 4 լիտր գինի,16 լիտր գարեջուր  կամ  1 լիտր թունդ ալկոհոլ։

Ի՞նչ կկորցնի եվրոպական տուրիզմը

Եվրոյի համեմատ ֆունտի նվազումից հետո և բրիտանական արժույթի հետագա անկայունության պատճառով Բրիտանիայից զբոսաշրջիկների թիվը եվրոպական առողջարաններում և հյուրանոցներում կնվազի․ բրիտանացիները ստիպված են լինելու սնունդի, խմիչքի և ծառայությունների համար թանկ վճարել։  Հեղինակավոր Goldman Sachs բանկի կանխատեսումներով՝ ֆունտ ստերլինգը կարող է  «իջնել» եվրոյից  20 տոկոսով։ Իսկ բրիտանական շուկան ամենաշատ ճանապարհորդողն է․ ամեն տարի Մեծ Բիտանիայի քաղաքացիները ԵՄ երկրներ են կատարում ավելի քան  29 միլիոն ուղևորություն, ինչը կազմում է նրանց միջազգային այցերի  76 տոկոսը։ Բրիտանացիները ակտիվ են նաև գործնական տուրիզմում․ Մեծ Բրիտանիայից բիզնես-ուղևորությունների 68 տոկոսը (4,6 միլիոն այցելություն) եղել են հենց դեպի ԵՄ երկրներ։

Brexit-ի պատճառով հնարավոր կորուստների մասին արդեն խոսել են այն երկրներում, որտեղ ավանդաբար շատ են լինում բրիտանացի զբոսաշրջիկները, օրինակ՝ Հունաստանը և Իսպանիան։  Հունաստանն արդեն նշել է, որ ֆունտ ստերլինգի արժեզրկման պատճառով Հունաստանը կդառնա թանկարժեք հանգստավայր բրիտանացիների համար։ Նույն տեսակետին է նաև Իսպանիան։ Ինչպես նշում են իսպանական հյուրանոցատերերը՝ իսպանական հանգստավայրերում բրիտանական ամրագրումների նվազումը անխուսափելի է:1Ճիշտ է՝ բոլոր հնարավոր և կանխատեսելի փոփոխությունները կլինեն ոչ հիմա․ Բրիտանիայի և ԵՄ-ի բաժանումը  վերջնական կավարտվի երկու տարուց։ Հենց այս ժամկետն է սահմանված նոր առևտրային և այլ համաձայնագրերի կնքման համար։ Թեև, ինչպես նշում է Տուրիզմի և ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC), երկամյա ժամկետը կարող է և երկարաձգվել՝ երկու կողմերի համաձայնությամբ։ Եվ այդ ընթացքում  զբոսաշրջային օրենսդրությունը, որը կարգավորում է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունները, կմնա  անփոփոխ։

Այնպես որ, նվազագույնը առաջիկա երկու տարում բրիտանական զբոսաշրջիկները կարող են հանգիստ մեկնել Եվրոպա։ Այդ մասին հայտնել է նաև Զբոսաշրջային գործակալությունների բրիտանական ասոցացիան՝ ընդգծելով, սակայն, որ ֆունտի արժեզրկումը   «ուղղակիորեն կազդի հանգստացողների և արտասահմանում նրանց գնողունակության վրա»։

You might also like