Վիեննան օպերա է, Շտրաուսի երաժշտությունը և աշխարհում ամենահամեղ շտրուդելը: Հայտնվելով Վիեննայում՝ ցանկանում ես այստեղ մնալ ավելի երկար և փորձել հանրահայտ ավստրիական աղանդերներ բոլոր վիեննական սրճարաններում, ինչպես նաև՝ այցելել դասական երաժշտության մի քանի համերգների: Բայց ինչպե՞ս վարվել, եթե դուք ունեք ընդամենը 24 ժամ, որպեսզի ծանոթանաք այս քաղաքի հետ: Global Blue-ի փորձագետները, ովքեր մասնագիտացված են tax free-ի գործում, կազմել են ավստրիական մայրաքաղաքի հիմնական տեսարժան վայրերի երթուղիները, որոնք դուք հեշտությամբ կայցելեք մեկ օրվա ընթացքում և ամենայն հավանականությամբ կրկին շուտափույթ կցանկանաք վերադառնալ Վիեննա, որպեսզի ևս մեկ անգամ շրջեք Եվրոպայի այս կախարդական քաղաքի փողոցներով:
Կայսերական նստավայր՝ Հոֆբուրգ
Վիեննայի կենտրոնում գտնվող այս պալատական համալիրում մինչև 1918 թվականը ընդունվել են քաղաքական կարևոր որոշումներ, որոնք կարևորագույն դեր են ունեցել ոչ միայն Ավստրո-Հունգարական հարաբերություններում, այլև ողջ Եվրոպայում: Այսօր այստեղ հավաքվում է Ավստրիայի նախարարների խորհուրդը, ինչպես նաև տեղակայված է տարբեր ճաշակի բազմաթիվ թանգարաններ: Եթե ժամանակ կունենաք այցելել ներս, ապա կարող եք տեսնել արծաթի կայսերական հավաքածուն, Սիսիի՝ Ելիզավետա Բավարացի կայսրուհու թանգարանը, ինչպես նաև՝ կայսերական հանգստավայրերը:
Սուրբ Ստեփանոսի տաճար
Այս տաճարը համարվում է Վիեննայի գլխավոր խորհրդանիշը: Նախկինում այս տաճարի կողքին գտնվել են առևտրական տաղավարները, և վաճառականները տաճարի պատերին փորագրել են երկարության չափեր, այդ պատճառով այդ նշագրումները կարող եք գտնել կառույցի շուրջ բոլորը: Սուրբ Ստեփանոսի տաճարի գլխավոր յուրահատկություններից մեկը համարվում է կղմինդրից տանիքը, որը շատ է հիշեցնում սողունների մաշկի, ինչն էլ այն առանձնացնում է Եվրոպայի մյուս տաճարներից:
Վիեննայի թանգարանային թաղամասը
Եվրոպայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը: Այստեղ է գտնվում ժամանակակից արվեստների թանգարանը, Լեոպալդի գեղարվեստի թանգարանը և Կունստհալլե ցուցահանդեսների սրահը, ինչպես նաև մանկական կենդանաբանական թանգարանը, որտեղ կարող են այցելել նաև մեծահասակները:
Վիեննայի պետական օպերա
Եվրոպական օպերային թատրոնների մարգարիտը: Վիեննայի բնակիչները պարզապես սիրում են օպերան, այդ պատճառով եթե դուք ցանկանում եք այցելել ներկայացման, տոմսերի ձեռք բերման համար պետք է մտածել նախօրոք: Եթե անգամ ժամանակ չունեք, ապա անպայման փորձեք ներս մտնել էքսկուրսիայի համար, որպեսզի գնահատեք մայրցամաքի ամենագեղեցիկ համերգասրահներից մեկի հարմարությունը: Այստեղ թագավորում է աննկարագրելի մթնոլորտ: Ասում են՝ Վիեննայի օպերային թատրոնի պատերից այն կողմ եռում է ինտրիգը և դեռևս ոչ մի երգչուհի չի թողել թատերախումբը հենց այնպես:
Բուրգտեատր
«Բուրգտեատրը» Եվրոպայի ամենահին բեմերից մեկն է: Դա ևս մեկ թատերական կառույց է, որը հարկավոր է ուշադրություն դարձնել: Հնագույն ժամանակներից «Բուրգտեատրը» զիջել է միայն փարիզյան «Կոմեդի Ֆրանսեզ»-ին: Մարիա Թերեզան հիմնել է այս թատրոնը 1741 թվականին, և այստեղ առաջին անգամ հնչել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան: