Ճանապարհորդական գրականություն․ ի՞նչ կարդալ 2018-ին
Travel Pulse ինտերնետ պորտալի փորձագետները կազմել են ճանապարհորդների համար լավագույն գրքերի ցանկը, որոնք արժե կարդալ 2018 թվականին։
Ճանապարհորդության մասին ամերիկյան Travel Pulse կայքը հրապարակել է լավագույն գրքերի ցանկը նրանց համար, ովքեր սիրում են ճանապարհորդել։ Դրանք բոլորը դեռևս անգլերեն լեզվով են միայն, բայց տարվա ընթացքում դրանցից մի քանիսը, հաստատ, կթարգմանվի այլ լեզուներով։
Թոփ-5-ի առաջատար է ճանաչվել Մել Ուայթի «ԱՄՆ-ի բոլոր ազգային պարկերը» գիրքը, որը հրատարակել է National Geographic-ը։Այս 544-էջանոց գիրքը ներառում է Միացյալ Նահանգներում գտնվող 400 պարկերի, հուշարձանների, պատմական վայրերի, գեղատեսիլ մարգագետինների, հանգստավայրերի և ծովափերի նկարագրությունը։ Փորձագետները առանձնացրել են ազգային պարկերի գեղեցիկ և գունառատ լուսանկարներն ու դրանց ճիշտ քարտեզները։ Ընթերցողները գրքից կարող են ծանոթանալ պարկերի պատմական անցյալին և խորհուրդներ ստանալ այցելության համար։
Երկրորդ տեղում «Լավագույն ամերիկյան ճանապարհորդական գրառումներ» հավաքածուն է, որը կազմել է Լորեն Քոլլինզը։ Այն բաղկացած է ճանապարհորդությունների մասին լավագույն էսսեներից և, փորձագետների կարծիքով, կհետաքրքրի բոլոր նրաց, ովքեր սիրում են ճանապարհորդել կամ լավ գրված պատմություններ։
Երրորդ տեղը զբաղեցրել է «Միայնակ ճանապարհորդության ձեռնարկը»՝ հրատարակված հայտնի Lonely Planet-ի կողմից։ 168 էջում հավաքված են լավագույն խորհուրդները այն մասին, թե ինչպես ճանապարհորդել միայնակ։ Ուղեցույցը կօգնի ոչ միայն տնտեսել ճանապարհորդելիս, այլև՝ հաղթահարել մի շարք վախեր։
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում «66 մայրուղու գաղտնիքները․ ձեռնարկ տարօրինակի, հրաշալիի և անհասկանալիի մասին» գիրքն է, որը գրել են Ջիմ Ռոսսը և Շելլի Գրեհը։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են ուղևորության ԱՄՆ-ի հայտնի 66 մայրուղով, որն անցնում է Կալիֆորնիայով, Արիզոնայով, Նյու Մեքսիկոյով, Տեխասով, Օկլահոմայով, Միսսուրիով և Իլլինոյսով։ Գրքում հավաքված են հայտնի երթուղու ամենաանսովոր տեսարժան վայրերը։
Հինգերորդ տեղը Travel Pulse-ը հատկացրել է սովորական ուղեցույցին։ Փորձագետները խորհուրդ են տալիս ճանապարհորդներին գնել համառոտ ուղեցույց այն երկրի կամ քաղաքի մասին, որտեղ երազում են այցելել։ Եվ պարզապես սկսել կարդալ․․․