«Ո՞րքան հագուստ պետք է լինի հանգստի մեկնող կնոջ ճամպրուկներում» հավերժական հարցը արդեն հռետորական է թվում, բայց պարզվել է, որ յոթնօրյա հանգստի համար աղջիկները տանում են հագուստի 28 հավաքածու: Միջինում հանգստի մեկնած աղջիկը օրական զգեստափոխվում է 4 անգամ. պարզել են վերջին ուսումնասիրությունները: Իսկ տասից մեկը հանգստի ժամանակ օրական զգեստափոխվում է 7 անգամ: Ընդ որում, տաս կանանցից ութը խոստովանում է, որ չի հասցնում հագնել իր հետ տարած բոլոր զգեստները. հայտնում է DailyMail-ը:
Հագուստ արտադրող F&F ընկերության պատվերով անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք վերցնում են զգեստներ` հաշվի առնելով, թե որտեղ են գնում և ինչ են անելու հանգստի ընթացքում: F&F ընկերության ներկայացուցիչ Բերնադետ Լաշերի (Bernadette Lusher) խոսքով` « ի տարբերություն ամենօրյա գրաֆիկին, երբ աղջիկը գնում է աշխատանքի և միայն երեկոյան կարող է զգեստափոխվել` հանգստի վայրում սպասվում են ժամանց, զբոսանքներ և միջոցառումներ, որոնց պետք է պատշաճ տեսք ունենալ»: Որպես կանոն` զբոսաշրջիկները հանգստի ընթացքում լողում են, գնում էքսկուրսիաների, այցելում զանազան միջոցառումների, զբոսնում երեկոյան և այլն: Հետազոտությանը մասնակցել են 2 հազար կին, որոնց 37%-ը նախընտրում է հանգստի ընթացքում հաճախ զգեստափոխվել:
58% -ը նշել է, որ ստիպված է զգեստափոխվել, քանի որ այն ինչ հագնում է առավոտյան հարմար չէ կրել ողջ օրվա ընթացքում: Քսան աղջիկներից մեկը խոստովանել է, որ հաճախ է զգեստափոխվում, որպեսզի հասցնի կրել այն ամենը, ինչ բերել է իր հետ: Աղջիկների ճամպրուկի իրերի միջին քանակն է` 4 զգեստ, 6 կարճ շապիկ, 4 շորտ կամ կիսաշրջազգեստ, 2 տաբատ կամ ջինս, 3 լողազգեստ, 3 զույգ հողաթափ կամ սանդալ և երկու զույգ կոշիկ: Հանգստի ընթացքում պարտադիր կգնվի նաև մի քանի զույգ հագուստ կամ կոշիկ: