Սիրահար զույգերը հաճախ են միասին մեկնում ճանապարհորդության։ Ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրներում գործող արգելքների և վարքագծի կանոնների մասին, որոնց հետևելով չեք փչացնի ձեր հանգիստը։
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ ռուսական քաղաքներում արգելված է երկինք թողնել «լապտերային օդապարիկներ»՝ հրդեհային անվտանգությունից ելնելով։Արգելքը ուժի մեջ է մտել անցյալ տարվա փետրվարի 27-ին։
Հռոմի պատմական կենտրոնում ագելված է ուտել և խմել փողոցում։ Այնպես որ, ռոմանտիկ կոկտեյլներն ու պաղպաղակները ավելի լավ է համտեսեք բարերում և ռեստորաններում։
Վենետիկի Սան Մարկո հրապարակում արգելված է կերակրել աղավնիներին։ Այդ պատճառով, ավելի լավ է այս թռչունների հետ լուսանկարվեք մեկ այլ քաղաքում։
Փարիզում նորապսակ զբոսաշրջիկներին և պարզապես սիրահարներին արգելված է կամուրջների վանդակաճաղերին ամրացնել «սիրո կողպեքներ»։ Իշխանությունները այս որոշումը կայացրել են անվտանգության և էսթետիկ պատճառներով․ կողպեքները փչացնում են կամուրջների տեսքը։
Դուբայը կարող էր լինել սիրահարված ճանապարհորդների համար ամենահարմար քաղաքը, եթե չլիներ հասարակական վայրերում համբուրվելու արգելքը։ Էլ ի՞նչ սիրահար զույգ՝ առանց համբույրների։
Սիրահարների տոնը չարժի տոնել Սաուդյան Արաբիայում։ Այստեղ այդ տոնը պաշտոնապես արգելված է։ Փետրվարի 14-ին իշխանությունները պահանջում են ծաղկի և նվերների խանութների սեփականատերերից աչքի առջևից մի կողմ տանել ծաղիկները և կարմիր առարկաները։
Իտալական Վերոնայում արգելված է սիրային գրություններ թողնել «Ջուլիետի տան» պատին։ Օրինախախտներին սպասվում է €500 եվրո տուգանք։ Փոխարենը նամակով սեր խոստովանել կարելի է վերը նշված տան բակում տեղադրված հատուկ շարժական վահանակի վրա։
Ֆրանսիայում 1910 թվականից սկսած գործում է օրենք, որով արգելվում է համբուրվել կայարաններում։ Դա, իբրև թե, ուշացնում է գնացքների մեկնումը։