Միայն Հայաստանում չէ, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին սպասում են անհամբերությամբ: Աշխարհի մյուս երկրներում ևս մարդիկ սիրում են այս տոնը: Բայց ամեն երկրում տոնը նշվում է յուրովի, և նույնիսկ տոնածառի տակ հայտնված նվերներն են լինում միմյանցից բավականին տարբեր:
Ավստրիա
Ավստրիացիները շատ պրակտիկ են նվերների հարցում և փորձում են իրենց հարազատներին նվիրել հագուստ կամ ինտերիերի պարագա: Դա կարող է լինել գեղեցիկ սվիտերը, շարֆը, բաժակը, լուսամփոփը և այլն: Իսկ, օրինակ, գործընկերներին և ծանոթներին նվերներ չեն տալիս՝ գտնելով, որ կախազարդերի մեջ իմաստ չկա:
Մեծ Բրիտանիա
Անգլիացիները նվերներին վերաբերվում են բավականին հանգիստ՝ հուշանվերներ, մոմեր, գեղեցիկ կախազարդեր. ահա այն ամենը, որ կարելի է նվեր ստանալ ամանորին հարազատ մարդուց: Դա բացատրվում է ոչ թե ժլատությամբ, այլ եկամուտը չցուցադրելու և դիմացինին անհարմար վիճակի մեջ չդնելու ցանկությամբ:
Միացյալ Նահանգներ
Դեկտեմբերի աշխատավարձի գրեթե կեսը ամերիկացիները ծախսում են մտերիմների համար անակնկալներ պատրաստելու համար: Այստեղ ընդունված է նվիրել և նվեր ստանալ որակյալ թունդ ալկոհոլային խմիչքներ, սիգարներ, ինտերիերի թանկարժեք պարագաներ: Յուրահատուկ է այն, որ ամերիկացիները միշտ նվերի հետ տալիս են նաև նրա անդորագիրը, որպեսզի նոր տերը կարողանա փոխել կամ հանձնել այն խանութին:
Հունգարիա
Հունգարացիները բավականին տնային ազգ են: Այստեղ ընդունված է տոնել ընտանիքի հետ և նվերներ էլ տալ միայն շատ հարազատներին: Դա կարող են լինել գրքեր, սեփական ձեռքերով գործած շալ, սահնակներ կամ տոնածառի խաղալիքներ:
Հունաստան
Հույները իրենց նվերներով կարող են զարմացնել ցանկացած այցելուի. ամանորյա հրաշալի հուշանվեր է այստեղ համարվում քարը և «Թո՛ղ եկող տարում ձեր փողերը լինեն այսքան ծանր» մաղթանքը: Իհարկե, դա չի նշանակում, որ հյուր գնալիս ճանապարհին կարելի է հավաքել քարեր և դրանով նվերների հարցը լուծել: Պարզապես, որպես կանոն, նվիրում են արձաններ կամ զարդեր կիսաթանկարժեք քարից:
Շարունակելի…