Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են նախընտրում այնպիսի ուղղություններ, որտեղ կարելի է հետևել կետերին: Իսլանդիայի տուրիստական կազմակերպության տվյալներով` եթե 90-ականների վերջին կետերի համար կղզի էին գալիս տարեկան 20 հազար մարդ, ապա ներկայումս նրանց թիվը հասել է 104.5 հազարի:
Իսլանդիան, որն առաջարկում է հիանալ կետերով ապրիլի վերջից մինչև ամառվա վերջը, միակ ուղղությունը չէ տուրիզմի այս տեսակի համար: Մեքսիկա, Դոմինիկյան Հանրապետություն, Շրի Լանկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ԱՄՆ. սրանք այն երկրներն են, որոնց ափերին կարելի է հանդիպել այդ հսկա կաթնասուններին: Հետևել կետերին հնարավոր է ամբողջ տարին, քանի որ տարբեր երկրներում սեզոնները տարբեր ամիսներին են լինում:
Կետային հանգստով գրավող երկրներից մեկը Ավստրալիան է: Այստեղ նրանց կարելի է հանդիպել հուլիսից նոյեմբերը: Անցած տարի երկրի հյուսիս-արևելքում տեղակայված Քվինսլենդ նահանգում մեկնարկել է Harvey and the Humpbacks տեղեկատվական արշավը, որի շրջանակներում ամբողջ «Ոսկե ափում» տեղադրվել են տեղեկատվական վահանակներ, բաժանվել են բրոշյուրներ ևայլ գովազդային արտադրանք, որոնք պատմում են, թե ինչպես հետևել կետերին այս շրջանում:
Զբոսաշրջիկներին առաջարկում են անմոռանալի շոու. հսկա կետերի խաղ Հերվեյ ծովածոցում (Hervey), որտեղ սեզոնին գալիս են 7000 հսկա կետեր: Այս շրջանում ափին անցկացվում է մի շարք ժամանցային միջոցառումներ, իսկ հյուրանոցները առաջարկում են շահավետ փաթեթներ:
Արդյունքում, օպերատորները, որոնք կազմակերպում են ջրային ճանապարհորդություն «կետերի հետքերով», գրանցել են պահանջարկի 34-տոկոսանոց աճ: