«Ամռան եղանակային կանխատեսում մեկ անգամ արվել է մարտ ամսին: Հիմա կատարվում է ճշգրտում: Այս տարվա ամառը շատ նման կլինի 1958 թվականի ամռանը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
(G) Եղանակը Հայաստանի տարբեր քաղաքներում և աշխարհում – weather.voronum.com >>
Մասնագետի խոսքերով՝ հունիսի միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում կամ մեկ աստիճան բարձր. «Նորմայի սահմաններում կլինի նաև ամսական տեղումների քանակը հարավային կեսում և նորմայից բարձր՝ հյուսիսային կեսում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում: Այս շրջաններում սպասվում են ավելի շատ տեղումներ՝ նորմայից շատ»:
Մասնագետը նշել է նաև, որ նորման տարբեր տարածքների համար տարբեր է: Օրինակ՝ Արարատյան դաշտում նորմա է 10-15 աստիճանը, Գյումրիում՝ 15-ը, Գավառում՝ 12-ը:
Մասնագետի խոսքերով՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի կունենանք համեմատաբար հով ամառ. «Նախորդ տարի մենք ունեցել ենք առավելագույն ջերմաստիճանը՝ 43 աստիճան: Անձրևները կշարունակվեն մինչև հունիսի կեսը: Հուլիսին ևս սպասվում են տեղումներ, իսկ օգոստոսին կլինի համեմատաբար շոգ եղանակ»:
Պետրոսյանը ասաց, որ հանգստանալու համար ամենահարմար ժամանակն է հուլիսի 2-րդ և օգոստոսի առաջին կեսը. «Այդ ժամանակ կդիտվի համեմատաբար շոգ եղանակ»:
Նա ներկայացրեց նաև հունիս ամսվա կանխատեսումները. «Առաջին 5 օրերին հյուսիսային կեսում կլինեն տեղումներ, իսկ հարավային կեսում՝ ոչ: Հաջորդ տասը օրերին ջերմաստիճանի նվազում է սպասվում ՀՀ տարածքում»: / Աղբյուրը՝ 1in.am