Լոնդոնի որոշ տեսարժան վայրեր ապրել են իրենց գոյության ընթացքում վատագույն ամառը: Եվ դա չնայած Օլիմպիական խաղերին, որի կազմակերպիչները կանխատեսում էին տուրիստական բում բրիտանական մայրաքաղաքում: Խնդիրը սրել է նաև վերջին 100 տարում ամենաանձրևոտ ամառը, և այդ պատճառով որոշ տեսարժան վայրեր 2012 թվականի ամռան ամիսներին գրավել են 60% -ով քիչ զբոսաշրջիկների, քան 2011 թվականի նույն ժամանակաշրջանում: Լոնդոնի պարտեզներն ու զբոսայգիները այս ամառ կորցրեցին ունեցած ճանաչվածությունը: Այստեղ այցելող զբոսաշրջիկների քանակը նվազել է 21.5%-ով, այդ թվում՝ Լոնդոնի կենդանաբանական և Կյուի թագավորական բուսաբանական այգիներում. գրում է Telegraph-ը:
Լոնդոնի Թաուերը, Խորհրդարանի շենքը և Սուրբ Պաուլի տաճարը իրենց հերթին կորցրել են զբոսաշրջիկների 20%-ին: Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներով՝ 2012 թվականի ամռանը դեպի Մեծ Բրիտանիա իրականացել է 3.18 միլիոն ճանապարհորդություն արտասահմանից: 2011 թվականի դրանք եղել են 3.68 միլիոն: Անցնող տարում զբոսաշրջիկները նաև քիչ են ծախսել. 2.5 միլիոն եվրո՝ 2.7 միլիոն եվրոյի փոխարեն: Օլիմպիական խաղերի ընթացքում ակտիվ քննադատության են ենթարկվել Լոնդոնի հյուրանոցային ինդուստրիան: Սպորտային միջոցառման ընթացքում որոշ հյուրանոցների գները տասնապատկվել են: Մեծ Բրիտանիայի մյուս շրջանները 2012 թվականի ամռանը այդքան շատ չեն տուժել, որքան Լոնդոնը, քանի որ խաղերը նրանց գրեթե չեն առնչվել, իսկ եղանակը ընդհանուր առմամբ լավ է եղել: Թեև Անգլիայում և Շոտլանդիայում տուրիստական հոսքը նվազել է 4,7%-ով: Փոխարենը՝ Շոտլանդիայի թանգարաններ և պատկերասրահներ 2012 թվականի ամռանը այցելել են 30% -ով ավել զբոսաշրջիկներ, քան 2011-ի նույն ժամանակաշրջանում: Սա մասամբ պայմանավորված է Շոտլանդիայի Ազգային թանգարանի բազմամիլիոնանոց վերականգնումով: