Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի այցելուներին եզակի հնարավորություն է տրվում․ զբոսաշրջիկները կարող են դուրս գալ Կոլիզեյի արենա և անցնել գլադիատորների ուղին։
Քաղաքային իշխանությունները կբացեն նախկինում անհայտ ստորգետնյա մուտքը և լրացուցիչ դարպասները, որոնք տանում են դեպի ամֆիթատրոնի արենա։ Հենց այդ թունելով են գլադիատորները անցել մարզադաշտի արևելյան մասն ու մտել մահացու մենամարտի մեջ։ Այս դարպասներով մուտքը բաց կլինի փորձնական 3 ամիս և կամրագրվի զբոսաշրջային խմբերի համար քաղաքային պաշտոնական գիդերի ղեկավարման ներքո։
Իտալական մայրաքաղաքի հնագիտական հուշարձանների պահպանության վարչությունը որոշում է կայացրել բացել այս մուտքը ոչ միայն զբոսաշրջիկներին գրավելու նպատակով, այլև՝ հին ամֆիթատրոնում տեղաշարժը հեշտացնելու համար։ Չէ որ ամեն տարի Կոլիզեյ է այցելում ավելի քան 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։