Mercer միջազգային քոնսալթինգային ընկերությունը հրապարակել է կյանքի համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղը բաժին է հասել Ավստրիայի մայրաքաղաքին, որին հետևում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը և Վանկուվերը։ Աշխարհի 230 քաղաք գնահատվել են հետևյալ չափանիշներով՝ սոցիալական և տնտեսական կայունություն, առողջապահություն, կրթություն, էկոլոգիա, աշխատանքային պայմաններ, հանցագործության մակարդակ, հասարակական տրանսպորտ և այլն։ Տասը լավագույն քաղաքների ցանկում հայտնվել են նաև Դյուսելդորֆը, Մայնի Ֆրանկֆուրտը, Ժնևը, Կոպենհագենը և Սիդնեյը։ 229 տեղում հայտնվել է Դամասկոսը, իսկ ցանկը եզրափակում է Իրաքի հանրապետության մայրաքաղաք Բաղդադը։
Վերջին տարվա ընթացքում զգալիորեն վատացել է կյանքի որակը այնպիսի եվրոպական քաղաքներում, ինչպիսիք են՝ Փարիզը (71 տեղ), Լոնդոնը (72), Մադրիդը (84) և Աթենքը (124)։ 2016 թվականի վարկանիշային աղյուսակում Մոսկվան զբաղեցրել է 206 տեղը, Սանկտ Պետերբուրգը՝ 197-ը։