Վիկտորիա թագուհու մասնավոր լողափը, որը գտնվում է Ուայթ կղզում (Isle of Wight), այս ամառ առաջին անգամ կբացվի հանրության համար: Հենց այստեղ է թագուհին առաջին անգամ լողացել ծովում: Օսբորն-հաուսի (Osborne House) առջև գտնվող հողատարածքը` Վիկտորիա թագուհու և նրա ամուսին արքայազն Ալբերտի մասնավոր նստավայրը, երբեք բաց չի եղել հանրության լայն շրջանակների համար: «Անգլիական ժառանգություն» (English Heritage) հիմնադրամը վերականգնել է լողափի շինարարությունը և պատրաստվում է բացել այն հուլիսի 27-ին. գրում է Daily Mail-ը:
Մասնավորապես, լողափի այցելուները կտեսնեն խճանկարային հատակով հանգստի տաղավարը, ինչպես նաև` «լողամեքենան»` զամբյուղը, որն ուներ նաև հանդերձարան: Վիկտորիա թագուհին և արքայազն Ալբերտը Օսբորն-հաուսը գնել են 1845 թվականին ընտանեկան հանգստի համար: Արքայազնի մահից հետո թագուհին դեռ 40 տարի գալիս էր այստեղ հանգստանալու երեխաների և թոռների հետ: 1902 թվականին Էդուարդ VII-ը առանձնատունը հանձնեց պետությանը` ի հիշատակ իր մոր, և այն դարձավ սպաների հանգստյան տուն: Նրանց համար լողափին կառուցվեց լողի սրահ, իսկ հիմա այդ սրահը կվերածեն սրճարանի, իսկ լողափին այցելուները կարող են զբաղվել Վիկտորիա թագուհու դարաշրջանի շարժական խաղերով: