Vettor Giusti ցուցահանդես-մրցույթում Հայաստանը ներկայացնող պաստառը հաղթող է ճանաչվել «Ժողորդի ընտրություն» անվանակարգում
Հոկտեմբերի 8-14-ը Կորեայի Կյոնջու քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպության գերագույն մարմնի` գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանը, որի շրջանակներում կայացած զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես-մրցույթում Հայաստանը ներկայացնող «Նոյյան տապան» պաստառը հաղթող է ճանաչվել «Ժողորդի ընտրություն» (People’s Choice Award) անվանակարգում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Ինչպես նշել է փոխնախարարը, սա լուրջ գովազդ է մեր երկրի համար, քանի որ Հայաստանի զբոսաշրջային պաստառը մինչև հաջորդ նստաշրջանը տեղակայված կլինի UNWTO պաշտոնական կայքում: «Ինչքան ուզում է պաստառը գրավիչ լինի, եթե միջազգային շուկայում տվյալ երկրի նկատմամբ չկա ձևավորված վերաբերմունք, ապա դժվար թե քվեարկեին նրա օգտին: Այսինքն` սա խոսում է այն մասին, որ Հայաստանը արդեն ճանաչում են, Հայաստանի տուրիզմը իր տեղը գրավել է միջազգային շուկայում»,-ասաց Ա.Պետրոսյանը:
Փոխնախարարի խոսքերով` այս պաստառը կօգտագործվի նաև որպես Հայաստանի տուրիզմի բրենդային պաստառ:
Ըստ փոխնախարարի ներկայացրած տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 18% աճ և այս տոկոսի պահպանման դեպքում տարեվերջին կարձանագրվի 800.000 տուրիստական այցելություն` 2010թ.-ի 684 հազարի դիմաց:
«Հայաստանը որպես մեկ լոկալ երկիր տուրիզմի տեսանկյունից տարողունակ չէ, և մենք պետք է տուրիզմը զարգացնենք՝ տարածաշրջանային տուրիստական պրոդուկտի մաս կազմելով: Այդ քաղաքականությունը մենք շատ հաջող իրականացնում ենք Վրաստանի և Իրանի հետ»,- նշեց Ա.Պետրոսյանը:
Աղբյուրը` Times.am