Կարակասում Միրաֆլորես նախագահական պալատի մեծ մասը կվերածվի Ուգո Չավեսի թանգարանի: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Մենք պալատի մեծ մասը կվերածենք հեղափոխության պատմական թանգարանի և անփոփոխ կթողնենք կոմանդանտե Չավեսի առանձնասենյակը», – ասել է Մադուրոն:
Կարակասի պատմական հատվածում գտնվող Միրաֆլորես պալատը կառուցվել է դեռևս XIX դարում: Վենեսուելայի նախագահի նստավայր պաշտոնապես այն դարձավ 1900 թվականին միայն: Մոտավորապես 14 տարի շարունակ բոլիվարյան հեղափոխության առաջնորդը մեկ անգամ չէ, որ հազարավոր աջակիցների համար ելույթ է ունեցել Միրաֆլորեսի պատշգամբից:
Պալատը Վենեսուելայի նախագահի համար եղել է ոչ միայն աշխատավայր, այլև մշտական նստավայր: Մադուրոյի խոսքերով՝ իր համար՝ որպես նախագահի թեկնածու, շատ կարևոր է, որ ժողովուրդը այցելի և ծանոթ լինի այն վայրին, որտեղ ապրել և աշխատել է կոմանդանտեն:
Մադուրոն մտադիր է իր համար հատկացնել փոքրիկ համեստ աշխատասենյակ` շենքի մյուս հատվածում: Մեծ տարածություն նրան հարկավոր էլ չէ. ապրիլի 14-ին նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում էլ Չավեսի հետնորդը մտադիր է շատ ժամանակ անցկացնել երկրով մեկ շրջելով: