Վատիկանը իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների կթողնի իր այգիներ այցելեն: Տուրիստական երթուղիները կանցնեն այն վայրերով, որտեղ զբոսնում է Հռոմի Պապը, ներառյալ Լուրդի քարայրը, որտեղ քահանայապետը հաճախ աղոթում է: Տուրերը կանցկացվեն էկոլոգիական մեթանային վառելիքով աշխատող միկրոավտոբուսներով: Մի քանի ժամանոց ուղևորության ընթացքում աուդիոգիդը կաշխատի անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն լեզուներով: Տուրիստական ավտոբուսները կարող են շրջել Պապի նստավայրի տարածքով միայն առավոտյան ժամերին` ժամը 8-ից մինչև 13:00-ն ամեն օր, բացառությամբ չորեքշաբթի, երբ քահանայապետը ընդհանուր ժողով է անցկացնում, կիրակի և տոնական օրերին: Էքսկուրսիայի արժեքը մեծահասակների համար կազմում է 20 դոլար:
Այգիները տեղակայված են ընդհանուր հրապարակում, զբաղեցնելով 20 հեկտար տարածք, այսինքն էքսկուրսիայի ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեսնել Վատիկանի մեծ մասը: Այնտեղ այցելուները կտեսնեն եկեղեցիները, աշտարակները, շատրվանները, քարայրներր, հնագույն պատերը` ամբողջովին կանաչով ծածկված: Բացի դրանից այցելուները կարող են նաև տեսնել բազմաթիվ հնագիտական և պատմական հուշարձաններ: Այգում աճում են բազմաթիվ մշտականաչ բույսեր,ինչպիսիք են եղևնափայտը, սոճին, նոճին, տոսախափայտը, ձիթենին, մագնոլիան և բաղեղը և այլն, որոնց շնորհիվ այգիները կանաչ են մնում ողջ տարին: Կան նաև էկզոտիկ և հազվագյուտ բույսեր, ինչպես նաև` դարերի պատմություն ունեցող ծառեր:
Վատիկանի բազմաթիվ թփերը, ծաղիկները և շատրվանները խնամվում են 30 պրոֆեսիոնալ այգեպանների ձեռքով: Ինչպես մեկնաբանել է Վատիկանի գործերով զբաղվող կարդինալ Ջովաննի Լայնոլը. «Պապի այգիները արվեստի, պատմության և առաջին հերթին հոգևոր կենտրոն է»: Ենթադրվում է, որ Վատիկանի այգիները զբոսաշրջիկների և ուխտագնացների համար կդառնան յուրահատուկ ապաստան աղմկոտ Հռոմից հեռանալու և գեղեցիկ թանգարաններով զբոսնելու համար: Վատիկանի այգիները 1279 թվականից դարձել է քահանայապետերի հանգստի և աղոթքի վայրը, երբ Նիկոլայ 3-րդը կաթոլիկ եկեղեցու նստավայրը տեղափոխեց Վատիկան: