ԱՄՆ-ի օդանավակայաններում զբոսաշրջիկներից կվերցնեն գաջեթները, եթե նրանք հրաժարվեն ասել գաղտնաբառը
Ուղևորների գաջեթների ինֆորմացիան պետք է հասանելի լինի անվտանգության աշխատակիցներին։
ԱՄՆ-ի օդանավակայանների անձնագրային վերահսկողությունը խստացել է։ Անվտանգության աշխատակիցները իրավունք են ստացել բռնագրավել ցանկացած գաջեթ ավիաուղևորներից, ովքեր կհրաժարվեն տրամադրել սարքի գաղտնաբառը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Ավելի վաղ սահմանապահները արդեն իրավունք ունեին արագ ստուգել միացված նոութբուքերը և սմարթֆոնները և ուղարկել ուղևորներին հավելյալ ստուգման։ «Ճանապարհորդները պարտավոր են ներկայացնել էլեկտրոնային սարքավորումները և դրանց մեջ պարունակվող տեղեկատվությունը այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի ստուգել սարքն ու դրանում առկա ինֆորմացիան», —նշվում է նոր կանոններում։
Այն դեպքում, եթե օտարերկրացին հրաժարվի ապահովել իր գաջեթի ինֆորմացիայի լիարժեք հասանելիությունը, նրան կարող են չթողնել մուտք գործել ԱՄՆ կամ բռնագրավել սարքավորումը։
Առաջին հերթին ԱՄՆ անվտանգության աշխատակիցները կստուգեն ահաբեկչության, մանկապղծության, արտահանման վերահսկողության կանոնների և մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ կապված օտարերկրացիներին։