2011 թվականի հոկտեմբերին կատակերգու դերասան Ջեֆֆ Ռեգսդեյլը Նյու Յորքով մեկ փակցրել էր հայտարարություն այն մասին, որ ինքը միայնակ է, և սպասում էր, որ դրան կպատասխանեն ոչ ավել, քան 10 հոգի: Սակայն 40-ամյա տղամարդը արդեն ստացել է 65 հազար հեռախոսազանգ և կարճ հաղորդագրություն ողջ աշխարհից` Կանադայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Թայվանից, Սաուդյան Արաբիայից և Իրաքից:
«Եթե որևէ մեկը ցանկանում է զրուցել, զանգահարեք ինձ: Միայնակ Ջեֆֆ», – գրված է մեգապոլիսով մեկ տարածված թղթիկների վրա: Իսկ ներքևում նշված է եղել հեռախոսահամարը: Ջեֆֆի խոսքերով` իրեն զանգահարել և հաղորդագրություն են ուղարկել միանգամայն տարբեր մարդիկ: «Ես նույնպես միայնակ եմ: Ես չունեմ հարազատներ և ընկերներ: Չէի՞ք ցանկանա հաջորդ շաբաթ զբոսնենք միասին» – գրել է Նյու Յորքի 50-ամյա բնակչուհին: Մի տղամարդ խորհուրդ է հարցրել, թե որտեղ կարելի է գնել բնակարան, ներդրումային բանկիրը պատմել է այն մասին, որ իր գրասենյակի պատուհանի տակ բողոքի ակցիա են անցկացնում «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցները, իսկ 15-ամյա աղջիկը կիսվել է ուրախությամբ, որ իրեն կատու են նվիրել:
Ջեֆֆը պատմել է, որ հայտարարությունը փակցնելու հաջորդ օրն իսկ ստացել է հարյուր զանգ: Իսկ այն բանից հետո, որ ինչ-որ մեկը լուսանկարել էր իր այդ հայտարարությունը և տեղադրել այն համացանցում, ամեն օր նրան գրում են ավելի քան հազար հոգի: Ջեֆֆը խոստովանում է, որ մեկ օր նա հեռախոսի մոտ է անցկացրել 16 ժամ:
«Ինձ թվում է, որ Նյու Յորքը շատ միայնակ քաղաք է: Այստեղ շատ դժվար է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ: Բոլորը միշտ ինչ-որ տեղ շտապում և շատ աշխատում են»,-նշում է Ջեֆֆը: Իր խոսքերով` ամենաշատ զանգերը նա ստացել է Կանադայից: «Երևի դա շատ միայնակ երկիր է», – կատակում է տղամարդը: Ջեֆֆը արձանագրել է բոլոր զանգերն ու հաղորդագրությունները և ներկայացրել է դրանք «Միայնակ Ջեֆֆ» անվանումը կրող հուշագրքում, որն օրերս հայտնվել է վաճառքում: