ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ – UNWTO) համագործակցության շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողով:
Համաժողովի նպատակն է ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից համաժողովին մասնակցելու ժամանած միջազգային փորձագետները ելույթներ ունեցան և քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը:
Միջոցառման 2-րդ օրը` հոկտեմբերի 19-ին, կկազմակերպվի հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչները կստորագրեն «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում» փաստաթուղթը:
Համաժողովի ավարտին կհրապարակվի միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ «Երևանյան հռչակագիր»-ը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։ Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը:
Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.tourismevents.am պաշտոնական կայքէջը: | Աղբյուրը՝ HayNews.am