Մոտ օրերս Լոնդոնում կմատուցվի աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերը: Նրա արժեքը 250 հազար ֆունտ է: Ինչն է ամենահետաքրքիրը` նրա բաղադրության մեջ նույնիսկ իսկական միս չկա. պատառը պարունակում է երեք հազար կտոր արհեստական տավարի միս: Ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը բրնձի մեծության է: Ուտեստի մեջ միս է, որը «աճեցվել է» փորձանոթում սպանված կովի ցողունային բջիջներից:
Յուրահատուկ ուտեստի հեղինակները Մաստրիխտի համալսարանի հոլանդացի գիտնականներն են: «Փորձանոթային համբուրգերի» ստեղծման համար նրանց անհրաժեշտ է եղել երկու տարի: Նրանք վստահ են, որ նման բիֆշտեքսը կպահպանի շրջակա միջավայրը և կկանխի պարենային ճգնաժամը: Գիտնականների խոսքով՝ մեկ կենդանուց վերցրած ցողունային բջիջներից կարելի է ստանալ միլիոն անգամ ավելի շատ միս, քան մեկ կովից:
Սննդամթերքի ստանդարտների գործակալության փոխանցմամբ՝ մինչև արհեստական մսի վաճառքի հանվելը այն պետք է մանրամասն ստուգվի և բերվի որոշակի չափանիշների: Սակայն կենդանիների պաշտպանության օգտին հանդես եկող մարդիկ «ոչ իրական» համբուրգերն արդեն հավանության են արժանացրել. իհարկե, այն պայմանով, որ այն նվազեցնի սպանդանոց ուղարկվող կենդանիների թիվը: