Մեծ Բրիտանիա.Սենդվիչ քաղաքը տոնում է «սենդվիչի» հոբելյանը

Մայիսին Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Սենդվիչ քաղաքը կտոնի համանուն նախուտեստի ստեղծման 250-ամյակը: Լեգենդի համաձայն` Սենդվիչի չորրորդ դուքսը եղել է  կրիբիջի մոլի խաղացող: Նա իր այս նախասիրությանը նվիրում էր բոլոր ազատ րոպեները  և չէր հեռանում խաղասեղանից անգամ սնվելու համար: 1762 թվականին նրա գլխում ծնվում է հեղափոխական մի գաղափար. դուքսը ծառաներին հրամայում է ռոստբիֆը դնել հացի երկու շերտերի միջև, որպեսզի և ձեռքերը չկեղտոտվեն  և ինքը  չկտրվի խաղից:

2012 թվականի մայիսի 12-ին և  13-ին քաղաքում կլինի տոն` նվիրված այս գյուտին: Ծրագրում կլինեն և սենդվիչների մրցույթ, և երաժշտական համերգ, և սենդվիչի ծնունդը ներկայացնող թատերական բեմադրություն: Հանդիսավոր արարողություններին կմասնակցեն Ջոն Մոնտեգյուն, Սենդվիչի տասնմեկերորդ դուքսը որդու` Օռլանդոյի հետ:

Սենդվիչը հայտնի է ոչ միայն իր խոհարարական անցյալով: Նրա պատմական կենտրոնը համարվում է երկրի առավել լավ պահպանված միջնադարյան հին քաղաքը և ամբողջովին գտնվում է պետական պաշտպանության ներքո: Սենդվիչի կենտրոնում չկա ոչ մի հուշանվերի խանութ, փոխարենը` հին մսի խանութը, հացի փուռը և արդուզարդի խանութը վերականգնվել են և աշխատում են այնպես, ինչպես դարեր առաջ: 1579  թվականի քաղաքային դահլիճը և փայտե տունը, որտեղ որ հիմա տեղակայված է թանգարանը, նույնպես արժանի են զբոսաշրջիկների ուշադրությանը:

You might also like