Դուբայի իշխանությունները հայտարարել են էմիրություններում բժշկական ենթակառուցվածքների ընդլայնման որոշման մասին, որպեսզի 2020 թվականին երկիր կարողանան այցելել տարեկան 500 հազար զբոսաշրջիկ բուժման նպատակով. հայտնում է Էմիրությունների The National պարբերականը: 2020 թվականին Դուբայում կկառուցեն լրացուցիչ 22 հիվանդանոց, աշխատանքի կընդունվի մոտավորապես 4 հազար բուժաշխատող: «Մեր նպատակն է երկիր ներգրավել տարեկան 500 հազար մարդկանց, որոնք կայցելեն միայն բժշկական զբոսաշրջության նպատակով»,-հայտնում է Դուբայի առողջապահության վարչության (DHA) ղեկավար Իսա Ալ Մայդուրը (Essa Al Maidoor): 2012 թվականին բուժման նպատակով Դուբայ է այցելել 107 հազար մարդ: Ինչպես հայտնում է պարբերականը՝ բժշկական զբոսաշրջիկներին կառաջարկեն ծառայությունների հատուկ փաթեթ, որը իր մեջ ներառում է բուժման տարբեր տեսակի վիզաներ, ինչպես նաև՝ հյուրանոցում մնալու և այլ ծառայություններ: DHA-ի ներկայացուցիչների խոսքով՝ Դուբայի յուրաքանչյուր հիվանդանոց կստանա հյուրանոցին համապատասխան վարկանիշ. սկսած 1-ից, մինչև 5 աստղ: Պարբերականը նշում է, որ տվյալ ռազմավարությունը առաջին հերթին կենտրոնացված կլինի ԱՊՀ երկրների, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի բնակիչների վրա: