Դիսնեյլենդ զվարճանքների այգին, որը պատկանում է հանրահայտ ամերիկյան «Ուոլտ Դիսնեյ» կինոստուդիային, դադարեցնում է առանց մեծահասակների ուղեկցությամբ 14 տարեկանից ցածր երեխաների մուտքը այգի: Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Սյուզի Բրայանը: Նրա խոսքերով՝ արգելքը ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա մարտի 23-ից, բայց առայժմ միայն Դիսնեյլենդի ամերիկյան այգիներում:
Հետագայում արգելքը կտարածվի նաև Դիսնեյլենդի արտասահմանյան այգիների վրա: «Մեր ընկերությունը որոշում է կայացել փոխել երիտասարդների այգի մուտք գործելու քաղաքականությունը: Այդ տարիքը մեր կողմից ընտրվել է ծնողների շրջանում հարցում կատարելուց հետո, որոնք նախկինում եղել են Դիսնեյլենդում: Բացի այդ, 14 տարեկանից ցածր երեխաներին առանց ծնողների այգի չթողնել խորհուրդ է տվել նաև «Միջազգային Կարմիր Խաչը»,-հայտնում է նա: Նախկինում այսպիսի տարիքային արգելք Դիսնեյլենդում չի եղել:
Դիսնեյլենդը առաջին թեմատիկ այգին է, որը ստեղծել է մուլտֆիլմերի և հեքիաթների աշխարհը, ստեղծված ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի կողմից, բացվել է 1955 թվականի հուլիսի 17-ին Անահայմ (Կալիֆորնիա Նահանգ) քաղաքում: 1971 թվականին այդպիսի այգի ստեղծվեց նաև Ֆլորիդա նահանգում: ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին Դիսնեյլենդը բացվել է 1983 թվականին Տոկիոյում: 1992 թվականին բացվեց առաջին եվրապական զվարճանքների այգին, իսկ ամենանոր Դիսնեյլենդը իր առաջին այցելուներին ընդունեց 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Հոնկոնգում` Լանտաու կղզում: