Հեռուստացույցների առաջին կենսաբանորեն քայքայվող հեռակառավարման վահանակների գյուտարար են դաձել ոչ գիտնականները և ոչ էլ բարձր տեխնոլոգիաների վարպետները, այլ՝ Վալենսիայի սովորական բնակիչները՝ ինժեներ Ալիսիա Մորան և նրա ընկերուհին՝ մարքեթինգի մասնագետ Մարիան։ Այսօր ստվարաթղթից պատրաստված հարմարավետ սարքը արդեն հասցրել է ճանաչվել ամբողջ աշխարհում, իսկ որոշ իսպանական և մեքսիկական հյուրանոցներում և հիվանդանոցներում պատրաստվում են այն պաշտոնապես հանձնել շահագործման։
Ինչպես պատմում է Ալիսիա Մորան՝ ինքը, լինելով մոլի ճանապարհորդ, մշտապես անհանգստացել է հյուրանոցների հեռակառավարման վահանակի ոչ հիգիենիկ վիճակի համար, բայց երբեք դրան մեծ նշանակություն չի տվել, մինչև որ ծանոթացել է Հյուսթոնի համալսարանի 2012 թվականի հետազոտության արդյունքներին։ Այդ գիտափորձի արդյունքում հետազոտողները պարզել են, որ ընդհանուր օգտագործման վայրերի հեռակառավարման վահանակները ոչ միայն հանդիսանում են մանրէների հավաքման վայր (այդ թվում՝ ֆեկալ), այլև՝ ավելի անհիգիենիկ են, քան զուգարանակոնքը կամ զուգարանի հատակը։
Ալիսիայի նոր գյուտով, որը կոչվում է «bwito», կարելի է մոռանալ այս խնդրի մասին։ 12,5 սմ երկարությամբ և 3,5 սմ լայնությամբ միանգամյա օգտագործման ստվարաթուղթը կշռում է ընդամենը 15 գրամ և հարյուրտոկոսանոց կենսաքայքայվող է։ Բացի այդ, օգտագործելուց հետո վահանակը կարելի է ոչ թե դեն նետել, այլ դնել ծաղկային զամբյուղի մեջ։