«Թուրքիայի զբոսաշրջության գործակալությունների ասոցիացիան հայտարարել է, որ անհրաժեշտ է երկրի հյուրանոցներում հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից: Նման առաջարկը բացատրվում է նրանով, որ այն հանգեցրել է եկամուտների նվազեցման, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:
Երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն, ըստ փորձագետների, աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսում, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին: Ամենից շատ է Անթալյայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ նշվում են տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար, ազդեցիկ թուրք քաղաքական գործիչ Էրթուգրուլ Գյունայն ավելի վաղ հայտարարել էր, որ 2016 թ. կարող է ամենաբարդը դառնալ Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար վերջին երկու տասնամյակում: Աղբյուրը` PanArmenian.net