Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և Առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:
Եկեղեցու ատյանում արտասովոր լուսավորություն է տիրում: Հավատացյալները մասնակցում են աղոթքին՝ ձեռքներին մեկական մոմ: Այդ լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները: Այս ամենը կազմում է լույսի մի յուրօրինակ տոնախմբություն, որը Սիմեոնի՝ Քրիստոսին տված «Լույս» անվանման խորհուրդն ունի:
Տյառնընդառաջի նախատոնակին Եկեղեցում կատարվում է Անդաստանի կարգը՝ արտերի և այգիների օրհնությունը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է:
Խարույկ վառելը ծիսական որևէ իմաստ կամ նշանակություն չունի: Սիմեոն Երևանցի կաթողիկոսը «Տոնացույցում» նշում է. «Հրի շուրջը պտտվելը խոտելի է, որը տգետների կողմից է ներմուծված»:
Ժողովրդական սովորույթ է նաև Տյառնընդառաջի կապակցությամբ նորապսակներին այցելելը: Նորապսակները այդ տոնական օրը գալիս են եկեղեցի, որի բակում մեծ խարույկ է վառվում, ուր երգվում են հոգևոր երգեր:
Ըստ սուրբ Գրիգոր Տաթևացու՝ խարույկն ունի հետևյալ խորհուրդները.
Խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծու սիրո հուրն ենք խնդրում,
Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում,
Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի:
Աղբյուրը՝ «Դասական ճշմարտություն» ֆեյսբուքյան էջ