Աշխարհի ճանապարհորդները ոչ միշտ են երջանիկ օդանավակայանում
Ավիաուղևորները ամենաուրախը ստուգման անցակետում են, ամենատխուրը՝ ուղեբեռը հանձնելիս։
Ճանապարհորդների մեծ մասը մեծ երջանկություն է ապրում օդանավակայան ոտք դնելիս։ Այդ տվյալներն է ստացել HappyOrNot ընկերությունը, որը հաճախորդների գոհունակությունը ստուգող սմայիկներով սարք է տեղադրել։ Այդ մասին գրում է BusinessTraveler-ը։
HappyOrNot ընկերությունը վերլուծել է տվյալները, որոնք հավաքվել են աշխարհի 36 երկրի 160 օդանավակայաններում տեղադրված գոհունակության տերմինալների միջոցով։ Այդ հատուկ սարքը թույլ է տալիս մեկ կոճակին դիպչելուց հետո հետադարձ կապ ստանալ, որը արտացոլում է դրական էմոցիաների աստիճանը՝ «շատ երջանիկից» մինչև «նույնիսկ մի հարցրեք»։ Պարզվել է, որ ճանապարհորդների 62%-ը սեղմում են ամենաերջանիկ կոճակը։ Շուրջ 17%-ը իր տրամադրությունը օդանավակայանում գնահատել է՝ որպես պարզապես երջանիկ։ Տխուր դեմքով սմայլիկը նախընտրել է ուղևորների 7%-ը, իսկ 14%-ը սեղմում է կոճակներից «ամենատխուրը»։
Ճանապարհորդների համար ամենատխուր ժամանակը, ըստ HappyOrNot-ի տվյալների, հանգստյան օրերն են։ Հենց այդ օրերին են ուղևորները ստիպված մեծ հերթերի մեջ կանգնում։ Շաբաթվա կեսին ամենից շատ սեղմվում է երջանիկ կոճակը։ Այդպիսով, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը լավագույնն են ճանապարհորդների համար։
HappyOrNot-ի փորձագետները նաև սահմանել են ճանապարհորդների համար ամենաերջանիկ ժամերը՝ առավոտյան 08:00-09:00։ Ամենից տխուր ճանապարհորդները իրենց զգում են գիշերը 02:00 – 03:00-ին։ Հետաքրքիր է, որ մարդիկ միշտ երջանիկ են ստուգման անցակետերում։ Իսկ ամենից վատ տրամադրություն նրանք ունենում են ուղեբեռը հանձնելիս։
Դեկտեմբերին ընկերությունն անվանել է նաև աշխարհի ամենաերջանիկ օդանավակայանները։ Ըստ տվյալների, որոնք հավաքվել են նույն տերմինալների միջոցով, ամենից շատ գոհ ուղևորներ ունեցել է բրիտանական Էքսետեր օդանավակայանը։ Նրա ուղևորների շուրջ 89%-ը սեղմել է միայն ժպտացող սմայլիկ։ Այդ ցանկի առաջին եռյակում են հայտնվել նաև իռլանդական Կորկ քաղաքի և հռոմեական Ֆյումիչինո օդանավակայանները։