Բավականին հաճախ զբոսաշրջիկների պատմությունները չափազանցված են կամ պարզապես անհեթեթություն են։ Զբոսաշրջությունը հիանալի հնարավորություն է աշխարհայացքը ընդլայնելու համար, մանավանդ դրա հնարավորությունները այսօր պարզապես լայն են։ Բայց անհայտության հանդեպ վախը ապրում է մեզանից ցանկացած մեկի մոտ։ Զբոսաշրջիկների պատմությունները «մեծ աչքերով» և չափազանցված տհաճ տպավորություններով հաճախ կարող են դառնալ այն սահմանը, որի միջով կվախենա անցնել անգամ ամենաճարպիկ զբոսաշրջիկը։ Եկեք միասին փորփրենք զբոսաշրջային առասպելները և չափենք մեր աշխարհընկալումը։
Բջջայինից օգտվելը կարող է հանգեցնել ավիավթարի
Բջջային հեռախոսներից օգտվելը ավիաթռիչքների ժամանակ արգելվել է 1990-ականների սկզբին։ Այդ ամենը հիմնավորվել է նրանով, որ բջջայինները կարող են նավիգացիոն համակարգերին և այլ սարքերին խանգարել ճիշտ աշխատել։ Շատ երկրներում արգելքը դեռ գործում է, բայց ապացույցներ, որ բջջայինները կարող են ավիավթարի պատճառ դառնալ, չկան մինչև այժմ։ Ամերիկյան դաշնային ղեկավարությունը (FAA) 2006 թվականին մի շարք փորձարկումներ արեց, բայց այդպես էլ չկարողացավ գտնել այդպիսի հավանականության ապացույց։ Այնուամենայնիվ չկա ոչ մի փաստարկ և հակափաստարկ։
Իրականում, բոլոր սարքերը, որոնցից օգտվում են օդաչուները նրա համար, որ ինքնաթիռը անվտանգ սավառնի երկնքում, գործում են այն հաճախականությամբ, որոնք էականորեն տարբերվում են ցանկացած տեխնիկայի բնութագրից։ Գուցե դա է պատճառը, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) թույլ է տվել եվրոպական ավիաընկերությունների բոլոր այցելուներին օգտվել բջջային էլեկտրոնային գաջետներից թռիչքի բոլոր փուլերում։
Հակամալարիայի միջոցները կպաշտպանեն մալարիայից
Ամեն տարի մալարիան, որը նախկինում հայտնի էր ինչպես «ճահճային տենդ», վարակում է 300-ից 500 միլիոն մարդու։ Արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը հանդիպում է աֆրիկյան երկրներում, որոնք գտնվում են Սահարայից հարավ։ ԱՀԿ-ն կանխատեսել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում մալարիայից մահացությունները կավելանան 2 անգամ և տարեկան կհասնեն 2․6-6 միլիոն մարդու։
Եթե նույնիսկ վերցնենք ամենավառ ներկերը, նկարը միևնույն է սև կստացվի։ Շատ հաճախ «մոծակների հիվանդությամբ» հիվանդանալու հավանականությամբ երկրներ մեկնելիս զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս ընդունել մալարիայի դեմ դեղեր։ Այդ դեղերի արդյունավետությունը կազմում է 85%, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի կարող ձեզ երաշխավորել լիարժեք և անվերապահ պաշտպանություն։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ մալարիայի վարակման իմունիտետը զարգանում է շատ դանդաղ և գրեթե չի պաշտպանում կրկնվող վարակումից, ապա այդ դեղահաբերը կարելի է օգտագործել միայն որպես հանգստացնող միջոց։
«Մալարիայի» ուղղությունների ցանկը
Բանգլադեշ՝ ամբողջ տարին և ամբողջ տարածքում (բացի Դակկա քաղաքից)
Հնդկաստան՝ ամբողջ տարին և ամբողջ տարածքում (բացառությամբ՝ Քաշմիր, Ջամի, Սիկիմ, Խիմիչալ-Պրադեշ)
Ինդոնեզիա՝ ամբողջ տարին և ամբողջ տարածքում (բացառությամբ՝ խոշոր քաղաքների)
Կամբոջա՝ ամբողջ տարին և ամբողջ տարածքում (բացառությամբ՝ մայրաքաղաքի)
Նեպալ՝ ամբողջ տարին և 2000 մետրից ցածր գյուղական վայրերում
ԱՄԷ՝ մայիսից հոկտեմբեր
Թայլանդ՝ ամբողջ տարին և գյուղական վայրերում, բայց ոչ լեռնային շրջաններում
Թուրքիա՝ մարտից նոյեմբեր
Ֆիլիպիններ՝ ամբողջ տարին 6000 մետրից ցածր գյուղական տարածքներում
Շրի Լանկա՝ ամբողջ տարին և ամբողջ տարածքում (բացառությամբ՝ Կոլոմբո, Կալուտարա, Նուվարա-Էլիյա)
Արգենտինա՝ հոկտեմբերից մայիս 1200 մետր ցածր գյուղական վայրերում
Բրազիլիա՝ ամբողջ տարին 900 մետրից ցածր գյուղական վայրերում
Մեքսիկա՝ ամբողջ տարին 1000 մետրից ցածր գյուղական վայրերում
Պերու՝ ամբողջ տարին 1500 մետր ցածր գյուղական վայրերում
Կոլումբիա՝ ամբողջ տարին 800 մետրից ցածր գյուղական վայրերում
Արտարժույթը ավելի լավ է փոխանակել տանը
Փողը ճանապարհորդությունը առաջ տանող մեքենայի շարժիչն է։ Որքան շատ գումար, այնքան՝ մատչելի հարմարություններ և զվարճանք։ Մենք ջանում ենք մինչև մեկնելը ձեռք բերել տվյալ երկրի արժույթը։ Բայց պետք չէ չափազանց նախանձախնդիր լինել այս հարցում։ Ավելի լավ է այդ խնդիրը լուծել տեղում, որտեղ արտարժույթը փոխելը ավելի ձեռնատու կլինի։
Մի վախեցեք պահումներից։ Դեպքերի զգալի մասում գումար փոխողները պահումներ չեն անում։
Նախնական ամրագրումը խնայում է ձեր գումարը
Այս զբոսաշրջային առասպելի մեջ ճշմարտության մի մաս կա, քանի որ հյուրանոցում համարը կամ ավիատոմսը նախապես ամրագրելու դեպքում ավելի մատչելի կլինի, քան թռիչքի կամ հյուրանոց այցելելու պահին։ Բայց եթե դուք պատրաստ եք սպասել և ժամանակ ունեք, որպեսզի հետևեք սակագների փոփոխությանը, ապա պետք չէ շտապել։
Կարևորը ուշադիր լինելն է, և դուք կգտնեք բազմաթիվ հարմար տարբերակներ, որոնք առաջարկում են հյուրանոցները և ավիաընկերությունները վերջին պահին։ Այո, թեժ ուղևորությունները և ավիատոմսերը բավականին ռիսկային ռազմավարություն են, բայց ցանկացած ճանապարհորդություն ի սկզբանե ինչ-որ չափով համարձակ ձեռնարկում է։ Իսկ ռիկսը, ինչպես հայտնի է, կարող է վճարվել շամպայնով։
Արտասահմանում անհրաժեշտ է պարտադիր սակարկել
Եվ դա սուրբ ճշմարտություն է։ Աշխարհում կան բազմաթիվ մշակույթներ և երկրներ, որտեղ սակարկելը նույնիսկ ողջունելի է։ Որոշ վայրերում, որոնք հայտնի են զբոսաշրջիկների շրջանում, գները ավելացնում են մի քանի անգամ, և անբարեխիղճ վաճառականները փորձում են օգտվել այրվող աչքերով և անհատակ գրպաններով զբոսաշրջիկների չիմացությունից։
Սակայն սակարկելու հնարավորություն մենք ավելի շատ կունենանք այն երկրների շուկաներում, որտեղ մարդիկ չեն կարող հպարտանալ մեծ առավելություններով։ Իսկ զբոսաշրջիկը, որպես կանոն, կարող է իրեն թույլ տալ վճարել աննշան տարբերությունը, չէ որ նա վճարում է ոչ թե պարզապես իրի դիմաց, այլ՝ հիշողության։ Իհարկե, այս բոլոր բարեգործական ազդակները կարող եք անջատել, եթե մեկնել եք արտասահման կոնկրետ նպատակով՝ շոփինգի համար։
Արտասահմանում Ձեզ կթալանեն
Եվս մեկ զբոսաշրջային առասպել, որը ենթադրում է, թե արտասահմանում ավելի վտանգավոր է, քան տանը։ Իրականում, շատ երկրներ ունեն հանցագործության այնքան ցածր ցուցանիշներ, որքան, օրինակ, Ռուսաստանը կարող է միայն երազել։
Օտար երկրում թալանվելու մտավախությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է նրանից, որ գողերը, սովորաբար, որպես թիրախ ընտրում են այն մարդկանց, ովքեր ավելի խոցելի են թվում։ Հաճախ դա հենց զբոսաշրջիկն է, ով իր մոտ ունի կանխիկ գումար և աջ ու ձախ լուսանկարում է թանկարժեք տեսախցիկով։ Ողջամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով և զգոն լինելով՝ կարելի է երաշխավորել, որ ճանապարհորդությւոնը չի ավարտվի ոստիկանական բաժանմունքում, որտեղ ձեզ կվստահեցնեն․ «Մենք ամեն ինչ կանենք գողոնը գտնելու համար»։
Կազմակերպված տուրերը իսկական փորձ չեն տա
Որոշ ճանապարհորդների համար տուրօպերատորից ուղևորություն գնելը իսկական հերետիկոսություն է։ Դա իբրև թե զբոսաշրջիկին կախվածության մեջ է դնում ծրագրից, իսկ դա իր հերթին թույլ է տալիս միայն մակերեսորեն ծանոթանալ այս կամ այն երկրին։
Սակայն լավ մտածված և գրագետ կազմակերպած տուրը գիդի ուղեկցությամբ, ով գիտի իր գործը, կօգնի ուշադրություն դարձնել այն մանրուքներին, որոնք դուք բաց կթողնեիք, եթե ինքնուրույն կազմակերպեիք ճանապարհորդությունը։ Իսկ եթե մարդը պատրաստ չէ ինքնուրույն ճանապարհորդության, ապա այն ամբողջովին կարող է խափանվել, քանի որ անհրաժեշտ է իմանալ տեղական առանաձնահատկությունները, որպեսզի խուսափեք բազմաթիվ դժվարություններից, որոնց կարող է հանդիպել զբոսաշրջիկը արտասահմանում։
Ամբողջ աշխարհում հասկանում են անգլերեն
Անգլերենը վաղուց դարձել է միջազգային լեզու, և զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այն տարածված է և համարվում է գերիշխող։ Ոչ ոք չի վիճում, որ հենց անգլերենն է աշխարհում «ամենահասկացվող» լեզուն, սակայն չարժե մտածել, թե ձեր English-ը, որը հաճախ բավականին հեռու է կատարյալ լինելուց, կհասկանան միշտ և ամենուր։
Մի կողմից, շատ երկրներում չեն բավականացնում կրթական հաստատությունները անգլերեն լեզվի դասավանդման համար։ Մյուս կողմից էլ՝ երկրներում շատ զարգացած է ազգային ինքնության և մշակույթի գիտակցումը, ինչը հնարավորություն չի տալիս «Do you speak English?» հարցին դրական պատասխան տալ։ Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ անգլերեն հասկանում է շուրջ 1․5 միլիարդ մարդ։ Իսկ դա նշանակում է, որ 5․5 միլիոն մարդ չի հասկանում անգլախոսներին։
Սա ամենը չէ, ինչը կարելի է հերքել և բացառել, բայց նույնիսկ այս մանրուքները կօգնեն ձեզ խուսափել բազմաթիվ դժվարություններից։