Իսպանական Fiesta del Orujo de Potes տոնը, որը նշվում է Կանտաբրիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտես քաղաքում, ստացել է ազգային տուրիստական նշանակության միջոցառման կարգավիճակ: Ամեն տարի Պոտեսում կազմակերպվող տոնը նվիրված է Իսպանիայի հյուսիս-արևմուտքի ավանդական ալկոհոլային օրուխո ըմպելիքին: Օրուխոն գինու համար նախատեսված խաղողի ճզմումից հետո մնացորդի թորումից առաջացած խմիչքն է: Կանտաբրիայի կառավարությունը նշում է, որ այդ ըմպելիքին նվիրված տոնը «ընդգծում է Լեբանա շրջանի մշակութային, բնանկարային և խոհարարական արժեքները», որը մտնում է նահանգի կազմի մեջ:
Տոնը նշվում է նոյեմբերի երկրորդ հանգստյան օրերին: Այն գրավում է հազարավոր տեղացիների և զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են ծանոթանալ XIV-XV դարերում ծնված օրուխոյի պատրաստման ավանդույթներին: Այս տարի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 9-ից 11-ը: Ծրագրում են երաժշտական, թատերական և բանահյուսական միջոցառումներ, ինչպես նաև՝ խոհարարական հանդիպումներ և համտեսումներ, որոնց ուշադրության կենտրոնում կլինի օրուխոն: Տոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին տեղի կունենա տարվա լավագույն ըմպելիքի ընտրությունը, որը կորոշվի կույր համտեսման միջոցով. գրում է BuenaEspana-ն: