Սլովենական Սևնիցա քաղաքում, որտեղ ծնվել է Մելանյա Թրամփը, սկսել են կազմակերպել տուրեր՝ նվիրված ԱՄՆ ներկայիս առաջին տիկնոջը։ Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Մասնավորապես, Սևնիցայով հինգժամյա ճանապարհորդությունը երկուսի համար կարելի է պատվիրել մոտ 90 դոլարով (5,1 հազար ռուբլի)։ Երթուղին ներառում է նախագահ Դոնալդ Թրամփի ապագա տիկնոջ դպրոցը, բնակարանը, որտեղ նա ապրել է մանկության տարիներին, և այն թաղամասը, որտեղ այժմ գտնվում է նրա ծնողների տունը։
Մելանյա Թրամփի հետ կապված տուրեր Սևնիցայում կազմակերպում են մի քանի ընկերություններ։ Սակագները նրանց մոտ տարբերվում են․ օրինակ, սլովենական քաղաքում էքսկուրսիաներից մեկը կարելի է ձեռք բերել 175 դոլարով (շուրջ 10 հազար ռուբլի) մեկ հոգու համար․ գրում է New York Daily News-ը։ Բացի առաջին լեդիի հետ կապ ունեցող վայրերի այցելությունը, հանգստացողներին նաև առաջարկում են այցելել XIII դարի ամրոց և ծանոթանալ տեղական խոհանոցին։
Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ առաջին լեդիի հետ կապված էքսկուրսիաներ են անցկացվում ամբողջ Սլովենիայի տարածքում, վայրերում, որտեղ նա ապրել է, սովորել և աշխատել։
Մելանյա Թրամփը ծնվել է 1970 թվականին Նովո Մեստո քաղաքում։ Նա մեծացել է Սևնիցայում, որից հետո տեղափոխվել երկրի մայրաքաղաք Լյուբլյանա և սովորել համալսարանում «ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ։ Սակայն առաջին կուրսից հետո լքել է համալսարանը և մեկնել Միլան, որտեղ սկսել է մոդելային կարիերան։