Բնակարանի վարձակալման Airbnb ծառայությունը առաջարկել է զբոսաշրջիկներին մասնակցել մրցույթի, որպեսզի շահել Մյունխենի ֆուտբոլային դաշտում գիշերելու անվճար հնարավորություն։ Այդ մասին հայտնում է ընկերության կայքը։
Առավելագույնը չորս հոգուց բաղկացած ճանապարհորդների ընտանիքը հնարավորություն կստանա օգոստոսի 2-ի գիշերն անցկացնել «Ալյանց Արենա» մարզադաշտի ֆուտբոլային խաղադաշտի եզրային մասում Audi Cup ֆուտբոլային առաջնության ընթացքում։
Այնտեղ հատուկ բաց հարթակի վրա, առանց տանիքի և պատերի, կստեղծեն ննջարանային և հյուրասենյակային հատված։ Հանգստացողները կարող են այնտեղից հետևել Audi Cup-ի խաղերին։ Նրանք նաև կարող են մուտք գործել մարզադաշտի տարածք, այդ թվում՝ հանդերձարաններ, որտեղ, սովորաբար, օտարների մուտքն արգելված է, և շփվել ֆուտբոլիստների հետ։
Առաջնության ավարտից հետո «Բավարիա» գերմանական ակումբի պաշտպան և Audi Cup-ի մասնակից Ժերոմ Բոատենգը զբոսաշրջիկների հետ կքննարկի խաղերը։ Ֆուտբոլիստը Airbnb-ում նշված է՝ որպես «Ալյանց Արենայի» այդ բնակելի տարածքի սեփականատեր։
Մրցույթին մասնակցելու համար զբոսաշրջիկները պետք է Airbnb-ին նամակ ուղարկեն, որտեղ կպատմեն իրենց ընտանիքի և ֆուտբոլի հետ կապված իրենց ամենավառ հիշողությունների մասին։
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը ներառյալ։ Մրցույթին կմասնակցեն միայն այն չորս երկրների քաղաքացիները, որոնց մարզիկները մասնակցելու են Audi Cup-ին՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա և Գերմանիա։