Ryanair ավիաընկերությունը հերթական սկանդալի կիզակետում է: Օրերս Վալենսիայի օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռից հեռացվել է գիրքը ձեռքին մի կին: Հեռացման պաշտոնական պատճառը «ուղեբեռի տեղափոխման կանոնների խախտումն է»: Բանն այն է, որ իռլանդական լոու-քոսթերի սահմանած կանոնների համաձայն՝ ինքնաթիռի սրահ ուղևորը կարող է իր հետ տանել միայն մեկ առարկա՝ 55սմ х 40սմ х 20սմ չափերով և մինչև 10 կգ քաշով: Ցանկացած լրացուցիչ առարկա՝ լինի դա պարանոցից կախված տեսախցիկ, duty-free-ի փաթեթ, թե, ինչպես այս դեպքում, գիրք, պաշտոնապես համարվում է նոր ուղեբեռ:
Հաճախ ավիաընկերությունները ուշադրություն չեն դարձնում այդ լրացուցիչ իրերին, երբեմն՝ նույնիսկ ուղեբեռի չափերը հաշվի չեն առնում, բայց կանոները կան, և Վալենսիայում որոշել են բառացիորեն հետևել դրանց: Ինքնաթիռի մուտքի մոտ գիրք և փաթեթ բռնած կնոջ ճանապարհը փակել է օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ում կանչել է բորտուղեկցորդը: Կինը փորձել է բողոքել, որից հետո եկել է երկրորդ անվտանգության աշխատակիցը և կնոջ դուրս են տարել ինքնաթիռից: Այս ամենը տեղի է ունեցել անհանգստացած ուղևորների աչքի առաջ, որոնցից մեկն էլ տեսագրել է միջադեպը. հայտնում է News.com.au-ն:
Նրանցից շատերը առաջարկել են գիրքը տեղավորել իրենց ուղեբեռում, որտեղ ազատ տեղ կա, բայց ավիաընկերության աշխատակիցները անդրդվելի են եղել: Այնուհետև կինը փորձել է «ավելորդ քաշի» համար վճարել, բայց նրա բանկային քարտը չի գործել: Այս միջադեպից հետո զբոսաշրջիկները համացանցում բոյկոտել են ավիաընկերությունը, որը չի հարգում ուղևորին և նման մոտեցում է ցուցաբերում նման աննշան հարցերի դեպքում:
Իսկ Ryanair ընկերության արդեն սովորական դարձած սկանդալներին առաջարկում ենք ծանոթանալ մեր նախորդ անդրադարձերում: