Լիտվայի մայրաքաղաքը դարձել է Եվրոպայի առաջին քաղաքը, որը զբոսաշրջիկներին առաջարկում է վարձակալել պլանշետներ, որի օգնությամբ նրանք կարող են պլանավորել իրենց զբոսանքը քաղաքում: Այդպիսի ծառայություն օգոստոսի 6-ից սկսած տրամադրում են Վիլնյուսի տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնները և որոշ հյուրանոցներ: Ինչպես հայտնում է տեղական մամուլը` համակարգիչներում GooGPS ծրագիրը ներկայացնում է քաղաքի քարտեզը և հետիոտնային նավիգացիան, ինչը թույլ կտա զբոսաշրջիկին երթուղին անցնել պլանշետով:
Քաղաքի հյուրերը նաև կարող են օգտվել բջջային ինտերնետից, այնպես որ օգտվողը կարող է, առանց լրացուցիչ վճարի, ստուգել էլեկտրոնային փոստը, մուտք գործել սոցիալական ցանցեր, գտնել ինֆորմացիա Վիլնյուսի տեսարժան վայրերի և միջոցառումների մասին, շփվել հարազատների և ընկերների հետ, տաքսի կանչել, խաղալ համակարգչային խաղեր և գիրք կարդալ: Պլանշետի օրավարձը 10 եվրո է: Վարձակալելիս պահանջվում է կանխավճար և անձը հաստատող փաստաթուղթ: