Զբոսաշրջիկները Մալդիվներում 50 000 դոլարով կարող են քնել ձկների հարևանությամբ
Չնայած նրան, որ աշխարհի այլ վայրերում, այդ թվում՝ Դուբայում, արդեն կան ստորջրյա ապարտամենտներ, որոնք իրենցից ներկայացնում են ակվարիում, Muraka-ն անվանում են աշխարհում առաջին ստորջրյա վիլլան։
Մալդիվներում հայտնվել է աշխարհում առաջին ստորջրյա վիլլան, որի այցելուները կարող են քնել հինգ մետր խորությամբ գտնվող հարմարավետ անկողնում՝ դիտելով ծովաբնակներին։ Այդ մասին հայտնում է LonelyPlanet-ը։
Ջրի տակ գտնվող Muraka հյուրանոցը կընդունի իր առաջին հյուրերին 2018 թվականի նոյեմբերին։ Այն կդառնա հայտնի Conrad Maldives Rangali Island լաքշրի հանգստավայրի մասը։ Ամուր, թափանցիկ ապակուց ստորջրյա ապարտամենտները կտեղակայվեն հինգ մետր խորությամբ։ Նախագծի հեղինակների մտահաղացմամբ՝ դրանք պետք է ինտեգրվեն ծովային միջավայրին և հյուրերին թույլ տան հիանալ Հնդկական օվկիանոսի բնակիչների կյանքով։ Քանի որ Մալդիվները հայտնի վայր է դայվինգի համար, հյուրանոցը ևս մեկ հնարավորություն է ճանապարհորդների համար հնարավորինս երկար ժամանակ անցկացնել ջրի տակ․ նշում են հյուրանոցի հեղինակները։
Այն բաղկացած կլինի երկու մակարդակից՝ ստորջրյա և վերջրյա։ Ջրի տակ հյուրերի տրամադրության տակ կլինի King size ննջասենյակը, հյուրասենյակը, լոգասենյակը և պարուրաձև աստիճանը, որը տանում է դեպի երկրորդ հարկ։ Վերջրյա մակարդակում գտնվում է երկու առանձին մահճակալով ևս մեկ ննջասենյակ, լոգասենյակ, սանհանգույց, մարզասրահ, մասնավոր տարածք, հյուրասենյակ, խոհանոց, բար և ճաշասենյակ։ Հյուրերին նաև կառաջարկեն ընտրել վիլլան՝ ըստ արևածագի կամ մայրամուտի կողմի։ Ստորջրյա վիլլայում բնակության արժեքը կսկսվի օրական 50 000 դոլարից։