Տեներիֆեի Լորո Պարկը ճանաչվել է աշխարհի լավագույն կենդանաբանական այգին՝ ըստ Trip Advisor-ի։ Զբոսաշրջիկների բարձր գնահատականին արժանացել են նաև Սինգապուրի, Կալիֆորնիայի, Չեխիայի և Ավստրիայի կենդանաբանական այգիները։
Թութակների այգին, ինչպես թարգմանվում է Loro Parque-ն, գտնվում է Տեներիֆե կղզու հյուսիսում՝ Պուերտո դե լա Կրուս զբոսաշրջային կենտրոնում։ Ընդհանոր առմամբ 13,5 հա տարածք զբաղեցնող կենդանաբանական այգին ներառում է զվարճանքների այգի, արգելանոց, գիտահետազոտական և կրթական կենտրոններ և անասնաբուժական կլինիկա։ Այստեղ կարելի է տեսնել կապիկներ, մողեսներ, վագրեր, յագուարներ, պանդաներ, կոկորդիլոսներ, կրիաներ, համրուկներ, ջրասամույրներ, ֆլամինգոներ և հավալուսնների։ Լորո Պարկի այցելուների շրջանում պոպուլյար են թութակների շոուն, շնաձկներով ակվարիումը, դելֆինների, ծովառյուծների և խոյադելֆինների ելույթը։
Trip Advisor-ի 2017 թվականի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Կալիֆորնիայի Սան Դիեգո կենդանաբանական այգին։ Այն համարվում է աշխարհում ամենամեծ և առաջատարներից մեկը։ Շուրջ 40 հա տարածքում պահվում են 650 տեսակի ավելի քան 3 700 կենդանի։
Երրորդ տեղը Trip Advisor-ի օգտատերերը տվել են Մեծ Բրիտանիայի Chester Zoo-ին։ Այն ամենամեծ նէ երկրում, տարածքը 51 հա է։ Chester Zoo-ի տարածքում գրեթե բնական պայմաններում ապրում են ավելի քան 7 000 կենդանի։ Այստեղ գտնվում է Եվրոպայում օրանգուտանների ամենամեծ բնակատեղը և թիթեռների յուրօրինակ գոտին։
Թոփ-10-ում հայտնվել են նաև Սինգապուրի, Պրահայի, Սենտ Լուիսի, Վիեննայի, Վալենսիայի, ֆրանսիական Սենտ Էնյանի և Մեծ Բրիտանիայի «Ֆոլի Ֆարմ» կենդանաբանական այգիները։