Ճանապարհորդները ընտրել են հանգստի համար լավագույն 15 կղզիները
Ճանապարհորդները Ինդոնեզիայի Յավա կղզին անվանել են լավագույնն աշխարհում։ Այդ մասին գրում է Travel and Leisure-ը։
Ամեն տարի ճանապարհորդական պարբերականը հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի հանգստի համար լավագույն ուղղությունները և հայտնի սեփական World Awards մրցանակաբաշխության հաղթողներին։ Այս անգամ զբոսաշրջիկները գնահատել են աշխարհի լավագույն կղզիները։ Չափորոշիչները եղել են մի քանիսը, այդ թվում՝ տեսարժան վայրերը, լողափերը, խոհանոցը, տեղաբնակների վերաբերմունքը և այլն։
Ամենաբարձր գրահատականին արժանացել է ինդոնեզիական Յավա կղզին։ Ճանապարհորդները հատկապես առանձնացրել են նրա հնագույն մշակույթը, գրավիչ տեսարժան վայրերն ու ժամանակակից հյուրանոցները։ Ինչպես գրում է պարբերականը՝ ջրվեժները, հրաբուխները, բնական այգիներն ու սպիտակ ավազով լողափերը թույլ են տալիս զբոսաշրջիկներին մոռանալ աշխարհում ամեն բան և վայելել հանգիստը։ Կղզում այս պահին ապրում է շուրջ 140 միլիոն մարդ։
Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են ևս երկու ինդոնեզիական կղզի։ Դրանք են պոպուլյար Բալին և նրանից հինգ ժամվա հեռավորության վրա գտնվող Լոմբոկը։
Թոփ-15-ում հայտնվել են նաև Մալդիվները, Նոր Զելանդիայում գտնվող Վայհեկեն, ֆիլիպինյան Պալավանը և Սեբուն, Մավրիկիոսը և հունական Փարոսը։ Լավագույն կղզիների վարկանիշային աղյուսակը եզրափակում են Ավստրալիայի Թասմանիան, Գալապագոսյան կղզիները, Կուկա կղզիները, Շոտլանդիայի Օրկնեյան կղզիները, Հավայիի Մաուին և Պորտուգալիայի Ազորյան կղզիները։