Զբոսաշրջիկներին կուղարկեն «Աստղային պատերազմներ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի նկարահանման վայրերով
Բրիտանական Cruise Club կռուիզային օպերատորը առաջարկում է վեցամսյա ճանապարհորդություն 13 հայտնի ֆիլմերի նկարահանման վայրերով, որոնց թվում են՝ «Աստղային պատերազմները» և «Մատանիների տիրակալը»։ Այդ մասին հայտնում են ընկերության կայքում։
Մեկ հոգու համար շուրջ 124 հազար եվրո արժողությամբ տուրը կմեկնարկի 2017 թվականի հուլիսի 8-ին։ Լոնդոնից զբոսաշրջիկները British Airways-ի չվերթով կմեկնեն Վենետիկ։ Հուլիսի 8-ից 18 ընկած ժամանակահատվածում հանգստացողները կռուիզ կիրականացնեն Վենետիկից դեպի Բարսելոնա։
Այդ ուղևորության ընթացքում նրանք կլինեն սիցիլիական Տաորմինա քաղաքում, որտեղ նկարահանվել են դրվագներ 1972 թվականի «Կնքահայրը» ֆիլմից։ Այնուհետև զբոսաշրջիկները կայցելեն իսպանական Ալմերիա նահանգ, որտեղ ստեղծվել է «Լավ, վատ, չար» վեսթերնը 1966 թվականին։
Ճանապարհորդները նաև կմեկնեն Հռոմ (Դեն Բրաունի գրքի հիման վրա նկարահանած «Հրեշտակներ և սատանաներ» ֆիլմի հետքերով), Հավայան կղզիներ («Յուրյան դարաշրջանի այգի»), Նոր Զելանդիա («Մատանիների տիրակալը»), Պղուկետ (Լեոնարդո դի Կապրիոյի «Լողափ») և այլ վայրեր։
Ճանապարհորդությունը կավարտվի դեկտեմբերի վերջին Աբու Դաբիում, որտեղ նկարահանվել է «Աստղային պատերազմներ․ Ուժի արթնացում» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկները կայցելեն 10 երկիր և կանցնեն ավելի քան 72 հազար կիլոմետր նավերով ու ինքնաթիռներով։
Ճանապարհորդությանը մասնակցել ցանկացողները ուղևորությունից առաջ թեստ կանցնեն, որը բաղկացած կլինի տուրի ծրագրի մեջ մտնող ֆիլմերի մասին 16 հարցից։