Աշխարհում շատ են հյուրանոցները, որտեղ բնակիչները ինտերնետի համար վճարում են մեծ գումար իսկ Լոնդոնի լյուքս հյուրանոցները գլխավոր «օրինազանցներն են»:
Աշխարհի հյուրանոցների շուրջ երկու-երրորդը դեռևս գումար է վերցնում զբոսաշրջիկներից ինտերնետ մուտք ունենալու համար, ընդ որում` գումարը փոքր չէ. մեկ ժամվա համար 10 եվրո կամ 24 եվրո մեկ օրվա համար: Եվ դա այն դեպքում, որ անվճար Wi-Fi է գործում սրճարանների, բարերի և ռեստորանների մեծ մասում: Սրա հետ կապված առավել հաճախ են քննադատվում այն հյուրանոցները, որոնք հավելյալ վճար են պահանջում զբոսաշրջիկից:
Բրիտանացի լրագրողների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զբոսաշրջիկների իրավունքների ամենամեծ օրինախախտները հենց իրենց հայրենակիցներն են` Լոնդոնի լյուքս հյուրանոցները: Նրանք հաճախորդից վերցնում են 24 եվրո (20 ֆունտ ստերլինգ) մեկ օր ինտերնետ հասանելիության համար: Դրանցից են Grosvenor House London-ը և Firmdale հյուրանոցների խումբը, որն ունի այնպիսի էլիտար հյուրանոցներ, ինչպիսիք են Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Haymarket-ը և Հարավային Կենգսինգտոնում գտնվող Number Sixteen-ը: The Dorchester-ում վճարը մի փոքր քիչ է` մեկ օրը 19.50 ֆունտ (23.38 եվրո): Holiday Inn հյուրանոցային ցանցը Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ինտերնետի համար վերցնում է 18 եվրո, իսկ Եվրոպայի այլ երկրներում` 24 եվրո: Թեև Միացյալ Նահանգների այս հյուրանոցներում Wi-Fi-ը անվճար է:
Ամենաբարձր գինը` մեկ ժամվա համար 10 եվրո հայտնաբերվել է Marriott ցանցի մի քանի հյուրանոցներում, այդ թվում Ֆլորենցիայի AC Hotel և Կաննի JW Marriott հյուրանոցներում: Մեկ աստիճան ցածր է Travelodg հյուրանոցային ցանցի գները. 6 եվրո մեկ ժամվա կամ 12 եվրո մեկ օրվա համար, այն դեպքում, որ Barcelo հյուրանոցային ցանցի հյուրերը մեկ ժամվա համար պետք է վճարեն 7.79 եվրո կամ 18 եվրո մեկ օրվա համար: Որոշ հյուրանոցներ հյուրերին առաջարկում են ընտրել.կամ անվճար և փոքր արագությամբ ինտերնետ կամ վճարովի և մեծ արագությամբ: Անվճար Wi-Fi են առաջարկում BestWestern (ամենախոշորը աշխարհում), Malmaison, DeVere, RadissonEdwardianи Britannia հյուրանոցային ցանցերը:
Բրիտանական հյուրընկալության ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքերով` լյուքս հյուրանոցները, որպես կանոն, պահանջում են հավելյալ գումար Wi-Fi-ի համար, որովհետև ունևոր հաճախորդները հազվադեպ են դժգոհում այսպիսի «աննշան» ծախսերից: Եվ դժվար է դրանից չօգտվել: