Ֆին բժիշկները պարզել են, որ զբոսաշրջիկները ասիական երկրներում անցկացրած հանգստից հետո վերադառնում են հակաբիոտիկներին դիմադրող ESBL էնտերոբակտերիաներով վարակված: Ու թեև հետազոտությունները կատարվել են Ֆինլանդիայի բնակիչների բժշկական քարտերի հիման վրա, բայց նրա արդյունքները կարող են վերաբերվել բոլոր զբոսաշրջիկներին, ում համար Ասիան համարվում է հեռավոր էկզոտիկ շրջան: Ամենաշատ դեպքերը` 1079 դեպք, հայտնաբերվել են անցյալ տարի Հելսինկիի և Ուուսիմայի բժշկական շրջաններում. հայտնում է Yle ռադիոկայանը: Ընդ որում, 2000 թվականին ESBL-ը Ֆինլանդիայում դեռևս հայտնի չէր: ESBL բակտերիայի առկայությունը մարդկային օրգանիզմում դեռևս չի նշանակում, որ նա հիվանդ է, բայց այն կարող է դժվարացնել հիվանդության բուժումը, որի համար անհրաժեշտ է հակաբիոտիկ: Օրինակ, սովորական ցիստիտը կարող է պահանջել կաթիլայինով հիվանդանոցային բուժում: ESBL բակտերիան ավելի հաճախ բերում են Թայլանդից և Հնդկաստանից: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ երկրները հանդիսանում են աշխարհում հակաբիոտիկների հիմնական արտադրողը: Դեղագործական արդյունաբերության թափոները թափվում են բնական ջրերի մեջ, որտեղից էլ առաջանում են հակաբիոտիկներին դիմադրող մանրէներ: Թայլանդի բնակչության 70 տոկոսը համարվում է ESBL վարակակիր: Հնդկաստանում և Չինաստանում` վարակակիր է բնակչության կեսը: Վարակից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, եռացնել ջուրը և լվանալ մրգերն ու բանջարեղենը: Բացի այդ, Ասիա ճանապարհորդելուց հետո պետք է այդ մասին հայտնել բժշկին, եթե անհանգստություն եք զգում: ESBL-բակտերիայի ստուգման արդյունքները կօգնեն ճիշտ բուժում ընտրել: