Զբոսաշրջիկներին․ 5 արագ բաղադրատոմս թերմոսի համար

Ակտիվ տուրիզմը՝ արշավները, հայքինգն ու ռաֆտինգը, գնալով մեծ տարածում են գտնում։ Որպես կանոն, այդ զբոսաշրջիկներին անհրաժեշտ իրերի ցանկում լինում  է նաև թերմոս։ Այս սպասքը կիրառվում է նույնիսկ զբոսանքի գնալիս։ Պարզվում է, որ թերմոսում ոչ միայն կարելի է  պահպանել սնունդի և  ըմպելիքների անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև՝ պատրաստել դրանք։ Ձեզ ենք առաջարկում հինգ արագ բաղադրատոմս, որոնք անփոխարինելի են կարճ կամ երկար ճանապարհորդության համար։

1. Արագ նախաճաշ․ վարսակի փաթիլներ և չրեր

Վարսակը հրաշալի կերպով թրմվում է թերմոսում։ Եվ այս բաղադրատոմսի համար պետք չէ օգտագործել արագ պատրաստվող վարսակի փաթիլները, որոնք ավելի քիչ օգտակար նյութեր են պարունակում, քան սովորական վարսակները։

Պատրաստման եղանակը շատ պարզ է․ վարսակի փաթիլների վրա տաք կաթ լցրեք, ավելացրեք շաքարավազ և կարագ։ Այնուհետև թերմոսի մեջ լցրեք խնձորի չիր և չամիչ։ Դրանից հետո ձեր նախաճաշը ինքնուրույն կպատրաստվի, և արդեն կես ժամ անց դուք կունենաք համեղ, տաք շիլա։

2. Օգտակար լանչ․ հնդկաձավար 

Եթե դուք ունեք լայն բերանով սննդային թերմոս, հնդկաձավարը կարող եք թրմել հենց դրա մեջ։ Մեկ բաժակ հնդկաձավարի վրա լցրեք երկու բաժակ եռացրած ջուր և մեկ ճաշի գդալ ձիթայուղ։ Ըստ ճաշակի ավելացրեք սև պղպեղ, խնկունի, համեմ, չաման կամ սխտոր։ 40-50 րոպե անց շիլան պատրաստ կլինի։ Պատրաստման այս ձևն ունի մի շարք առավելություններ։ Նախ, այսպես հնդկաձավարը  չի տապակվում և մնում է շատ փխրուն։ Երկրորդ՝ հենց շոգեխաշված հնդկաձավարն է պարունակում առավելագույնս օգտակար վիտամիններ և հանքանյութեր։

3. Թեթև սմուզի՝ առանց բլենդերի

Համեղ և օգտակար սմուզի կարելի է պատրաստել հենց ճանապարհին, եթե ունեք մանր քերիչ և 400 մլ ծավալով թերմոս։ Որպես բաղադրիչներ կարելի է  վերցնել խնձոր, բանան, տանձ, ավոկադո, գազար, վարունգ և ցանկացած այլ միրգ կամ բանջարեղեն, որոնք սիրում եք։

Քերած մթերքները լցրեք թերմոսի մեջ, վրան ավելացրեք շաքարի փոշի, ավելացրեք բնական յոգուրտ կամ հյութ և լավ թափահարեք։ Վերջ, ձեր սմուզին պատրաստ է օգտագործման։ Թերմոսում այն երկար կմնա թարմ և էներգիայի աղբյուր կհանդիսանա ողջ օրվա ընթացքում։

4. Սառը ապուր․ մածնապուր

Մածնապուր պատրաստելու համար թերմոսում լցրեք կտրատված վարունգ, եփված երշիկ և հավկիթ, ավելացրեք սամիթ, աղ և մածուն։ Փակեք բերանը։ Ռուսական դասական մածնապուրը պատրաստ է։

Սննդի թերմոսը հավասարապես լավ է  պահում սնունդի ինչպես բարձր, այնպես էլ՝ ցածր ջերմաստիճանը։ Դուք կարող եք ամառային այս ապուրը ձեզ հետ տանել պիկնիկի կամ արշավի։ Թերմոսում այն կպահպանի իր թարմությունը։

5. Գլինտվեյն

Իսկական գլինգվեյն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է դարչին, մեխակ, մշկընկույզ, իմբիր, հիլ, 1-2 կտոր կեղևով նարինջ, մեղր և կարմիր գինի։ Բոլոր բաղադրիչները լցրեք թերմոսի մեջ, ավելացրեք տաքացրած գինի և փակեք բերանը։

Ըմպելիքը պատրաստ կլինի  40-60 րոպեից։ Գլինտվեյնի պատրաստման գլխավոր պայմանն այն է, որ գինին պետք է թրմվի հերմետիկ փակվող տարայի մեջ։ Այդ պատճառով հենց թերմոսում այն կբացահայտի իր համային բոլոր նրբերանգները։

Այս բաղադրատոմսերի հետ դուք ավելի շատ ազատ ժամանակ կունենաք ձեր ճանապարհորդության ընթացքում, իսկ ուտելիքն ու խմիչքը կպատրաստի ձեր թերմոսը։